Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Հին Թագավորության ժամանակներից հայտնի են տիեզերածնության երեք գլխավոր դպրոցներ, որոնք կապված են Հելիոպոլիս, Հերմոպոլիս և Մեմֆիս քաղաքների հետ: Եգիպտական ավանդության մեջ նրանցից գլխավորը դարձավ հելիոպոլական դպրոցը, որը սովորեցնում էր, որ ի սկզբանե եղել է Նուն քաոսային նախաօվկիանոսը, որն իր մեջ թաքցնում էր այն ամենի ծագման հնարավորությունները, ինչը կլինի աշխարհում: Նախաօվկիանոսից բարձրացավ առաջին թումբը կամ լեռը՝ շողշողացող «Բեն-բեն քարը»: Նրա հետ են կապված աշխարհը ծնող «տիեզերական ձվի» և Փյունիկ արեգակնային թռչնի կերպարները:

