Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և ռազմական օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին, ով ամբողջ աշխարհին հայտնի դարձավ «Փոքրիկ իշխանը» փիլիսոփայական հեքիաթ-վիպակով: Կարելի է ենթադրել, որ նա հենց իր մասին է գրել և բացել հոգին փոքրիկ տղայի կերպարով, ում տագնապեցնում էր Երկրի և ողջ Տիեզերքի ապագան: Պատահական չէ, որ այս գործը նա գրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ իր հայրենիքին նույնպես վտանգ էր սպառնում: Իմաստուն այս հեքիաթն այսօր էլ շարունակում է հետաքրքրել բոլոր տարիքի մարդկանց՝ պահելով արդիականությունը:

