Նկարիչ-բանասեր Ռաֆայել Շիշմանյանի «Բնանկարն ու հայ նկարիչները» գրքի հիման վրա «Վեմ» ռադիոկայանը պատրաստել է «Բնանկարի հայ վարպետները» հաղորդաշարը, որում ներկայացվում են 19-ից 20-րդ դարերում Ռուսաստանում, Կովկասում, արտասահմանի հայկական գաղթօջախներում ապրած և ստեղծագործած հայ նշանավոր գեղանկարիչների կյանքն ու գործունեությունը: Հաղորդումը պատրաստել և կարդում է Սարգիս Նաջարյանը:

Ստեփան Աղաջանյանը հայ դասական գեղանկարիչ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է եղել։ Ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում (1872-1881) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881-1884)։ 1884 թվականին մեկնում է Բաքու, 1886 թվականին՝ Ֆրանսիա։ Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890 թվականներին Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ 1897-1900 թվականներին, պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։

