Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Թե ինչու 1988-ի փետրվարյան խաղաղ ցույցերի ցուցապաստառների բովանդակությունը փոխվեց հատկապես Սումգայիթի ցեղասպանությունից հետո, ինքնին հասկանալի է:
Մեր պայքարը սահմանադրական էր, ժողովուրդն իր ըմբոստությունն արտահայտում էր խաղաղ ցույցերի ու երթերի միջոցով, իսկ գաղափարական ընդվզումը դրսևորում էր ցուցապաստառներում, որոնց ընձեռած հարուստ նյութը ուսումնասիրության աղբյուր է հետազոտողների համար:
Ուշագրավ է ցուցապաստառների բովանդակության գեղարվեստական կողմը. հաճախ էինք այնտեղ տեսնում մեջբերումներ մեր նշանավոր մտավորականների, հատկապես բանաստեղծների չափածո խոսքից: Սա նաև խոսում է այն մասին, թե մեր գրողները որքա՜ն ճիշտ գրականություն են ստեղծել մեզ համար…
- Հարություն Մարության

