Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Միշտ կարճ ոճավոր սանրվածքով, ոճավոր հագուստով ու արդուզարդով, խիստ ժամանակակից: Միաժամանակ խիստ, գործարար, գործունյա կնոջ կերպար: Երբ դրան հավելում ենք նրա աշխատանքային փորձը՝ «Արդշինինվեստբանկի» աշխատակազմի ղեկավարի օգնական, վարչության նիստերի պատասխանատու քարտուղար, և ի հավելումն այդ ամենի՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Ինչպես է նրան հաջողվում ներդաշնակ լինել այսպիսի՝ առաջին հայացքից ինչ-որ տեղ իրարամերժ ամպլուայով: Կրիշնայականությունից դեպի բուդդիզմ, բողոքականությունից դեպի Հայ Առաքելական Եկեղեցի: Նա այս ճանապարհն անցավ Աստծուն որոնելիս: Հետաքրքիր է, գտա՞վ Նրան վերջապես: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Դիալոգ» ՀԿ-ի ղեկավար Ալմաստ Մուրադյանի դիմանկարում:

