Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Ֆանտաստ գրող, սոցիալ-փիլիսոփայական ֆանտաստիկայի վարպետ, մասնագիտությամբ՝ կենսաբան, կենսաբանության դոկտոր Հերբերտ Ուելսը բազմաթիվ նշանավոր վեպերի, գիտական ուսումնասիրությունների, դասագրքերի, հետաքրքրաշարժ տարաբնույթ գրքերի հեղինակ է: Այն, որ Ուելսի ստեղծագործության կենտրոնում գիտատեխնիկական առաջընթացին մեծ տեղ է հատկացված, հայտնի է: Սակայն գրողը հաստատապես համոզված էր, որ տեխնիկայի առաջընթացը չի կարող երջանկացնել մարդուն և իր ստեղծագործության մեջ հետաքրքիր համադրության մեջ դրեց գիտության հնարավորություններն ու բանականությունը, նկարագրեց համաշխարհային կատակլիզմները, զինվորների դաժանությունը և գաղութների գրավումը: Դեռ 20-րդ դարի սկզբին նա կանխազգաց գիտական մեծաթիվ հայտնագործությունների ծնունդը՝ կապված տիեզերքի յուրացման և միջմոլորակային հաղորդակցությունների հետ…

