Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Խորեն Արամունի
Ինչու է Գլենդելը նա անվանում Խաշաթաղ, և դա որքանով կապ ունի հայկական ավանդական ուտեստ խաշի հետ: Ինչու, երբ նա ընթերցում է իր երգիծապատումները՝ հայկական ավանդական կուսակցությունների մասին, դահլիճից լռելյայն հեռանում են դրանց ներկայացուցիչները: Ինչպես պատահեց, որ խորհրդային «Կոմունիզմի ուղիով» թերթում լույս տեսավ մի հոդված, որի հեղինակն ամենևին նա չէր, բայց որի տակ նրա անուն-ազգանունն էր գրված: Ինչու իր ազգանունը փոխեց Քեշիշյան տոհմի ժառանգը, որն ինքն իսկ ասում է, թե իր ազգանունը նշանակում է Տերտերյան, և ինչու մինչև այսօր հաշտ չէ քրիստոնեության հետ: Հարցերի պատասխանները՝արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունու դիմանկարում:

