Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Երբ փոքր էր, «Լուսնի սոնատի» չափազանց անվարպետ մի կատարումը բավական եղավ, որ լսելուց հետո երազեր նման մի երաժշտություն հորինելու մասին: Այսօր արդեն ունի իր սեփական "Missa de lumine"-ն կամ «Լույսի պատարագը» : Եվ ոչ միայն: Գո՞հ է արդյունքից: Ընդհանրապես, ինչի՞ պակասից կամ կարիքից դրդված է արվեստագետը ստեղծագործում: Ինչու է կարծում, որ լույսն է բոլոր անտունների հայրենիքը: Եվ ովքեր են անտունները: «Եվ այր մի Մաշտոց» կանտատի հեղինակի համար ինչպիսի երևույթ էր այդ այրը մշակութաբանական առումով: Հոգևոր տեքստերի հետ աշխատանքն իր համար քրիստոնյայի՞ հոգևոր ապրում է, հաղորդակցություն Աստծո հե՞տ, թե՞ երաժշտական հերթական թեմա, որին պիտի համահունչ լինի որոշակի տիպի երաժշտություն: Այս և այլ հարցերի պատասխանները՝ կոմպոզիտոր, նվագավար և երաժշտագետ Դավիթ Հալաջյանի դիմանկարում:
- Հյուր՝ Դավիթ Հալաջյան

