Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Տեսիլքներն ու մարգարեությունները մինչև իսկ Սուրբ Գրքի ներսում են վտանգավոր տարածք, երբ սևեռվում ես դրանց վրա՝ փորձելով կռահել ժամանակն ու պատմական իրադարձությունները: Իսկ նա հավաքել է մեր սուրբ հայրերի տեսիլքներն ու մարգարեությունները և մեկ ամբողջական գրքով հրատարակել: Ընդհանրապես ինչի՞ համար են դրանք։ Ինչպե՞ս է պետք դրանցից օգտվել: Նախկին հրամանատարի համար մարտի դաշտո՞ւմ էր դժվար, թե՞ խաղաղ պայմաններում: Ժամանակին նա քաղաքական դաշտում էր, այսօր՝ ոչ: Քաղաքականությունից քրիստոնյան սպասելիքներ ու ակնկալիքներ պիտի՞ ունենա, թե ոչ: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի հեղինակ Աշոտ Հունանյանի դիմանկարում:

