Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի նշանավոր գրող, իրատեսական արձակի մեծ ջատագով Էրվե Բազենին: Նա համարվում է 20-րդ դարի 50-80-ական թվականների ամենաշատ ընթերցված հեղինակը: Բացի դրանից, Բազենը նշանավոր հասարարական գործիչ է, խաղաղության մարտիկ, 1973-ից Գոնկուրյան ակադեմիայի նախագահն էր, և սրանով ակնբախ է դառնում այն փաստը, թե որքան մեծ կշիռ ուներ նա Ֆրանսիայի գրական կյանքում: Ծնվել է մտավորականի ընտանիքում: Արիստոկրատ բուրժուական այս ընտանիքը հպարտանում էր իր նախնիներով, որոնց մեջ կային նշանավոր իրավաբաններ, եկեղեցու սպասավորներ, գիտնականներ, զինվորականներ, անգամ եպիսկոպոս և ակադեմիկոս: Հայրը իրավաբան էր և աշխատում էր կաթոլիկ համալսարանում և որդուն տեսնում էր իրավաբանի պաշտոնում: Էրվեն սկզբում սովորեց կաթոլիկ գիմնազիայում, իսկ հետո ծնողների կամքով ընդունվեց համալսարանի իրավաբանության բաժին, սակայն շուտով թողեց այն: Պատճառը ծնողների հետ կոնֆլիկտն էր, որոնք չէին ընդունում իրենց որդու՝ գրականության հանդեպ հակումները…

