Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Ֆելիչե Ռոմանին՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Լուի Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ մանկասպանություն» ողբերգության։
Բելլինին երաժշտությունն ավարտել է պրեմիերայից 20 օր առաջ: Կոմպոզիտորի պահանջով փորձերը շարունակվել են նաև պրեմիերայի նախօրեին՝ առավոտյան: Այդ իսկ պատճառով բոլոր մեներգիչները չափազանց հոգնած էին և ուժասպառ: Արդյունքում 1831 թվականի դեկտեմբերի 26-ի ներկայացումն անհաջող էր: Բելլինին այն բնութագրել է որպես «իսկական ֆիասկո»: Բայց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հանդիսատեսն արժանվույնս գնահատում է ներկայացումը. բուռն ծափահարում էին անգամ այն տեսարանների ժամանակ, որոնցից հատկապես դժգոհ էին նախորդ երեկոյան: Այդ օրվանից էլ Վինչենցո Բելլինիի «Նորման» սկսում է իր հաղթական երթը համաշխարհային օպերային թատրոններում:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

