Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Անահիտ Թոփչյան
Խորհրդահայ հայտնի դերասանուհին այսօր էսսեների և վեպերի հեղինակ է նաև: Նրա գրական հերոսները նույնքան խաղարկային են, որքան բեմի վրա խաղացած նրա դերերը: Ինչն է մնում դերասանից նրա իսկ ստեղծած գրականության մեջ: Օտարության մեջ չխելագարվելու համար փրկօղա՞կ դարձավ նրա համար գրելը: Ինչու է նրա գրականությունը մենախոսությունների շարք, և չի՞ կարծում, որ ամբողջ պոստմոդեռն արվեստն է այսօր ինքնին վերածվել մենախոսության, որովհետև արդեն վաղուց չի կայանում երկխոսությունը: Ինչ են անհետացումն ու արտաքսումը նրա հերոսների համար, և ինչու է կարծում, որ Ադամի և Եվայի արտաքսումից հետո այսուհետ ամբողջ մարդկությունն է արտաքսյալ և անհնար է դրախտ վերադարձը: Ինչու սկսեց բռնել եկեղեցի տանող ճանապարհը, և արդյո՞ք դա հենց կորուսյալ դրախտ վերադարձի ճանապարհը չէ: Նա միայն ստորագրում է իր գրած գրքերի՞ տակ, թե՞ նաև իր ապրած կյանքի: Հարցերի պատասխանները՝ դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի դիմանկարում:

