Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոգական ռեալիզմի վարպետ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Հեշտ չի եղել նրա անցած գրական ճանապարհը: Աշխատանք, անքուն գիշերներ, օրական երեք տուփ ծխախոտ, ծանր հիվանդություններ, որոնք կարողացել է հաղթահարել: Նաև դիմացել է երկար ժամանակ ընթերցողների և գրաքննադատների անուշադրությանը: Առաջին գործերը, որոնք նա գրել էր մեծ եռանդով և ամենայն ուշադրությամբ, լինելով հետաքրքրիր և նորարարական, ճանաչել տվեցին գրողին շատ ավելի ուշ, երբ նա արդեն ավարտել էր իր ամենամեծ վեպը՝ «Հարյուր տարվա մենություն»-ը:

