Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Կարինե Դանիելյան
Նրա դեպքում, որպեսզի գանք վերջից, պիտի սկսենք սկզբից: Ինչ պատահեց նրա հետ տասնյակ տարիներ առաջ վիրահատական սեղանին, երբ այս աշխարհից գնաց որպես խոր աթեիստ և վերադարձավ որպես խոր հավատացյալ: Ինչու որոշեց կյանքը նվիրել բնապահպանությանը: Ինչու նախարարական պորտֆելը նրա համար չէր, և ինչով էին պայմանավորված նրա երեքանգամյա հրաժարականները: Ինչու է կարծում, որ աշխարհում կմնան միայն բարոյական ազգերը: Եվ ինչ էին ասում նրան փշե լուսապսակով մարդու աչքերը: Այս և այլ հարցերի պատասխանները՝ բնապահպան Կարինե Դանիելյանի դիմանկարում:

