«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

«Ամբողջ եվրոպական փիլիսոփայությունը սոսկ նշումներ են Պլատոնի ստեղծագործությունների լուսանցքներում»: Այս արտահայտությունն ավելի շուտ ցայտուն է, քան ճիշտ, բայց հենց այն փաստը, որ Ալֆրեդ Ուայդհեդի մակարդակի փիլիսոփան է նման հայտարարություն անում, հաստատում է այն պատկառանքը, որն ուշ շրջանի փիլիսոփաները տածում էին Աթենքի՝ գրեթե 2400 տարի առաջ ապրած քաղաքացի Պլատոնի նկատմամբ:

