Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Աստվածաշնչյան այս արտահայտությունը կենցաղում օգտագործվում է «հեզաբարո, խաղաղ, պարկեշտ, անվնաս մարդ» իմաստով:
Հովհաննես առաքյալի Ավետարանում ասվում է. «Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, և ասաց. «Ահա Աստծո Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը»:
Զոհաբերության թեման Աստվածաշնչի կարևոր թեմաներից մեկն է: Ամենից առաջ աշխարհի արարումն ինչ-որ իմաստով Արարչի կողմից զոհաբերություն է, քանի որ Նա հավիտենական երանության համար անհրաժեշտ ամեն բան Իր մեջ կրող ինքնաբավ Կեցություն է, բայց որպեսզի «տեղ տար» ուրիշ էակների, բազում արարածների, բազում աշխարհների, Բարձրյալն ասես ինքնասահմանափակվեց, ասես «նվազեցրեց» Իր ներկայությունը տիեզերքի որոշ ոլորտներից:
Հովհաննես առաքյալն ամենայն խորությամբ էր գիտակցում «Աստծո Գառ» արտահայտության զոհաբերական իմաստը: Նա Հիսուսի մասին իր ավետարանական պատմությունը սկսում է Նրան որպես Աստծո գառ ներկայացնելով, և դա Նրա ծառայության իմաստը հասկանալու բանալին է: