«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Դեռ անտիկ ժամանակներից անկեղծ ալտրուիզմի գաղափարը բազում հետազոտողների մեջ տարակուսանք էր առաջացնում: Որոշ իմաստակներ՝ պրոֆեսիոնալ վարձու փիլիսոփաներ, որոնք ընդհարվում էին պլատոնական Սոկրատեսի հետ, պերճախոսությամբ ապացուցում էին, որ այլ մարդկանց նկատմամբ բարեհաճ տրամադրվածությունը միայն առերևույթ բան է, և բավական է բարեգործին թեթևակի քերել, և իսկույն կհայտնաբերվի եսասիրական հետաքրքրությունը: Ժամանակակից փիլիսոփաները պնդում են, որ կամ մարդիկ ղեկավարվում են սեփական շահերով, ինչը հոգեբանական եսասիրություն է, կամ նրանց վարքը պետք է ղեկավարվի նման շարժառիթներով, ինչը բարոյագիտական եսասիրություն է:

