Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Խաչիկ դպիր Վարդանյան
Նրա մասին մտերիմներն իրենց մեջ ասում են «եպիսկոպոսի շարժիչով դպիր»: Ինչու է նա համառում դպրության մեջ և չի ուզում բարձրանալ հոգևոր աստիճաններով: Նրա մանկության բակում ինչպես էին կարողանում տեղավորվել աղանդավորական ճամբարն ու Սուրբ Մարիանե եկեղեցին: Ծեսին կապվածությո՞ւնն էր, որ նրան տարավ Երուսաղեմ: Կուսակրոն վանականի ներսով ու դրսով դպիրն ինչ էր անում Տաթևի վանքում տարիներ շարունակ և ինչ է անում Ամբերդում այսօր: Հարցերի պատասխանները՝ Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր Վարդանյանի դիմանկարում:

