Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Իտալացի կոմպոզիտոր Չիմարոզայի կոմիկական այս օպերայի դիպաշարը փոխառված է երկու պիեսներից։ Մեկն անգլիացի հեղինակներ Ջորջ Քոլման-ավագի և Դեվիդ Գարրիկի «Թաքցված ամուսնությունն» է, մյուսը՝ ֆրանսիացի դերասանուհի և գրող Մարի Ժաննա Ռիկկոբոնիի «Սոֆի կամ թաքցված ամուսնությունը»: Լիբրետոյի հեղինակն է Ջովաննի Բերտատին։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1792 թվականի փետրվարի 7-ին Վիեննայի թագավորական «Բուրգթատրոնում»։ Ներկայացումը բացառիկ հաջողություն է ունեցել, Լեոպոլդ 2-րդ կայսրն այնքան է հավանել օպերան, որ պահանջել է անմիջապես կրկնել։ Երգիչները, առանց փոխելու իրենց բեմական զգեստները, արագ ընթրել են հարևան սենյակում, որից հետո ուշ գիշերով օպերան ներկայացրել երկրորդ անգամ՝ հատուկ կայսրի ու պալատականների համար։
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

