Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

1849 թվականի ապրիլին Փարիզում մեծ հաջողությամբ բեմադրվեց Էռնեստ Լեգուվեի և Էժեն Սկրիբի «Ադրիանա Լեկուվրոր» հինգ գործողությամբ դրաման։ Հենց այդ երկի սյուժեի հիման վրա էլ Արտուրո Կոլաուտտին գրում է համանուն օպերայի լիբրետոն:
Օպերայի հերոսուհին՝ ֆրանսիական կոմիկական թատրոնի դերասանուհի Ադրիանա Լեկուվրորը, պատմական դեմք է։ Նա ժամանակին հանրաճանաչ է դարձել Ժան Ռասինի ողբերգությունների դերակատարումներով։
«Ադրիանա Լեկուվրոր» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1902 թվականի նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո լիրիկո» թատրոնում:
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

