
Նազարեթի ժողովարանում շաբաթ օրը Տեր Հիսուս Քրիստոսի քարոզելու վերաբերյալ Ղուկաս ավետարանչի ներկայացրած տարբերակն առավել ճոխ ու հետաքրքրական է: Ղուկասը մեջբերում է Եսայու մարգարեության այն հատվածը, որն ընթերցեց Հիսուսը ժողովարանում (Եսայի 61):
Ղուկասը ներկայացնում է Հիսուսի բերած երկու օրինակներն այն հարցի շուրջ, թե ինչու Ինքն Իր հարազատ քաղաքում մեծ գործեր ու հրաշքներ չի կատարում: Առաջինը Եղիա մարգարեի՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքի այրուն կատարած այցելության, իսկ երկրորդը՝ Եղիսեե մարգարեի կողմից ասորիների սպարապետ Նեեմանի բժշկության պատմությունն է: Երկու դեպքում էլ հրեական ամենամեծ մարգարեները Տիրոջ զորությամբ հրաշք են գործում ոչ թե հրեական միջավայրում կամ ոչ թե հրեաների համար, այլ ասորի, հեթանոս մարդկանց համար: Պատճառը մեկն էր. որովհետև նրանք լսեցին մարգարեի խոսքը, իսկ Հիսուսի հարազատ քաղաքի բնակիչները չէին լսում և չէին ընդունում այն, ինչ Աստծո Որդին քարոզում էր:

