Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Գարեգին Հովսեփյանն ինչ էլ ձեռնարկում էր, ապշեցնող հետևողականությամբ էր իրագործում: Նա անզուգական հայագետ էր, բանասեր, արվեստաբան, խմբագիր, աստվածաբան, ուսուցիչ, հոգևոր և ազգային գործիչ՝ միաժամանակ:
Իր բոլոր շնորհները, հոգեմտավոր բոլոր կարողությունները նա մինչև վերջ ծառայեցրել է իր ազգին՝ դառնալով 20-րդ դարի Ղևոնդ Երեց Սարդարապատում, ցմրուր ճաշակել Կարսի խայտառակ անկման անկրկնելի ողբերգությունը, իսկ հետագայում ծավալել համահայկական գործունեություն: Նրա գործունեության շրջանակներն իսկապես անընդգրկելի են:
- Գևորգ Յազըճյան

