«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Վատ մարդիկ վատ արարքներ են գործում, և եթե մարդիկ ու նրանց արարքներն իրոք վատն են, մենք նրանց «չար» ենք անվանում: Կարելի է այլ բառեր էլ օգտագործել՝ անբարոյական, անառակ, որոնք բոլորն էլ բնորոշում են բարոյական սահմանների խախտման նույն վիճակը: Բայց «չարիք» բառը յուրահատուկ հավելիմաստ ունի, մետաֆիզիկական որոշակի երանգ, որ ձեռք է բերել կրոնական հասկացությունների հետ դարավոր զուգորդումների արդյունքում:

