«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

«Աստծուն բացահայտում է սիրտը, ոչ թե բանականությունը: Հավատը հենց սա է՝ Աստծուն ոչ թե մտքով, այլ սրտով հասկանալը»,- այս բառերով է բնախույզ և բարեպաշտ քրիստոնյա Բլեզ Պասկալն իր «Մտքերում» նկարագրում բանականության և հավատի փոխհարաբերությունները 1670 թվականին: Ըստ Պասկալի՝ հավատն ու բանականությունը չեն հակասում միմյանց. դրանք պարզապես տարբեր բնույթ և տարբեր նպատակներ ունեն:

