«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Ավստրիացի փիլիսոփա Կառլ Փոպերը մի առիթով նկատել է. «Երկրի վրա դրախտ ստեղծելու փորձն անխուսափելիորեն հանգեցնում է սանդարամետի ստեղծման»: Նոր աշխարհի իրենց տարբերակները հորինող, լավագույն ապագայի հույս սերմանող և մարդկային հիմարության անսահմանությունը ցուցադրող մարգարեների, միստիկների, խելագարների պակաս չի եղել Պլատոնի ժամանակներից ի վեր:

