Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի այս օպերայի լիբրետտոյի հեղինակներն են Էժեն Կորմոնն ու Միշել Կարեն։ «Մարգարիտ որոնողներն» առաջին անգամ ներկայացվել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի Լիրիկական թատրոնում։ Երիտասարդ կոմպոզիտորին, որն այդ ժամանակ դեռ 25 տարին չէր բոլորել, բուռն ծափահարում էին. հանդիսատեսը, բացի երգիչներից, բեմ էր հրավիրել նաև Բիզեին։
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

