«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

1908 թ. «Հալաման» պիեսում Իսրայել Զանգվիլը գրում է. «Ամերիկան աստվածային հնոց է, հսկա հալաման, որի մեջ հալչում ու վերափոխվում են Եվրոպայի բոլոր ժողովուրդները: ….Ձեր ամբողջ թշնամությունը, ձեր մանր-մունր վեճերն անհեթեթություն են: Գերմանացիներ և ֆրանսիացիներ, իռլանդացիներ և անգլիացիներ, հրեաներ և ռուսներ՝ բոլորդ դեպի այդ հնոցը: Այսպես է Տերը կերտում ամերիկացուն»:

