«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլմանը հայ ժողովրդական երգերում: Հաղորդման համար երաժշտական նյութ են հանդիսացել Մեծ եղեռնի թեմայով ստեղծված ժողովրդական երգերի 22 նոտագրված նմուշները, որոնք առանձին բաժնով զետեղվել են բազմավաստակ բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (Երևան, 2011) աշխատության մեջ:

