«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հաղորդումը ներկայացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի կողմից հրատարակվող «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի VIII հատորը, որը ներառում է Ալաշկերտի շրջանի 55 պարերգ: Հաղորդման հյուրը Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Մարգարիտ Սարգսյանն է, ով սույն ժողովածուի կազմողն է և նրանում ընդգրկված նմուշների նոտային վերծանությունների հեղինակը:

