«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ուշ միջնադարում ստեղծված «Կռունկ» երգը հայ պանդխտության երգերի կամ անտունիների ժանրի գլուխգործոցներից է: Իր գոյության ընթացքում այն ստացել է խորհրդանիշի իմաստ` դառնալով հայ ժողովրդի պատմական ճակատագրի գեղարվեստական ընդհանրացումը: «Կռունկ» երգը մեզ հասել է բանավոր ավանդույթով փոխանցված և 20-րդ դարում գրառված բազմաթիվ տարբերակներով, որոնցից չորսը դիտարկվում են հաղորդման ընթացքում:

