«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

