Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչու հայտնի բժշկապետի թոռը Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո չդարձավ բժիշկ, այլ երաժիշտ: Ինչպես Երեմիա Արծրունին կայսերական Ռուսաստանից ձեռք բերեց երբեմնի արքայական տոհմին պատկանելու մասին վկայող իր տիտղոսը, և ինչ կապ ունի Վահան Արծրունին այդ ամենի հետ: Ինչպես է նրան հաջողվում ստեղծագործել կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն տարածքում: Ասորական Եկեղեցու պատարագը շահե՞ց, թե՞ կորցրեց նրա երաժշտական միջամտությունից: Ինչու ներքին բարոյականության, խղճի նուրբ ոլորտներին վերաբերող հարցերին դեռևս ոչ կարճ, ոչ երկար պատասխաններ չունի: Նրա պապն իր սիրտն ու ուղեղը կտակել էր ինստիտուտին: Ում կկտակի իր սիրտն ու ուղեղը Վահան Արծրունի կրտսերը: Եվ վերջապես՝ «Սա ո՞ւմ հայրենիքն է» և «Ի՞նչ տամ քեզ, իմ սեր, սիրուց բացի» հարցերի պատասխանները՝ երաժիշտ Վահան Արծրունու դիմանկարում:
- Հյուր՝ Վահան Արծրունի

