Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Ամեն անգամ Լեռ Կամսարի մասին մեր հերթական հաղորդումից կամ նրա մասին Վանուհի Թովմասյանի՝ այլ կամ այն լրատվամիջոցում ելույթից հետո առաջացած հետաքրքրասիրության ալիքը հորձանք է տալիս հատկապես երիտասարդության շրջանում, ինչն անչափ ուրախալի է:
Ընթերցողի սեղանին է Լեռ Կամսարի հերթական՝ «Չապրած օրեր» ժողովածուն, որը շահեկանորեն տարբերվում է մյուսներից թե՛ Գևորգ Մշեցու ձևավորումով, թե՛ Արմեն Քեշիշյանի ծանոթագրություններով: Շնորհակալություն նաև Հայկ Խեմչյանին՝ հատորը բավական բծախնդրորեն խմբագրելու և սրբագրելու համար:
- Արմեն Քեշիշյան

