Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդման 1-ին մասը նվիրված է դասական ռոմանսի առաջնեկ՝ Մոցարտի «Մանուշակ» երգին, 2-րդ մասը՝ Շուբերտի «Գրետխենը ճախարակի մոտ» երգին: Երկու երգերն էլ գրված են Գյոթեի խոսքերով: Եթե «Մանուշակը» մի դրամատիկ տեսարան է, ապա «Գրետխենը»՝ ողբերգական: Երկու երգերն էլ նորարարական են, որտեղ գերիշխում են զուտ երաժշտության օրենքներն ու միջանցիկ զարգացումը, ինչը վառ կերպով արտահայտվում է նվագակցության մեջ: Երկուսն էլ կանխորոշեցին այս ժանրի հետագա զարգացումը:

