Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Սեպտեմբերի 26-ին` ժամը 19-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հրավիրում է գերմանական կամերային երաժշտության երեկոյի: Համերգին կհաջորդի շրջայց տուն-թանգարանով՝ Մարտիրոս Սարյանի թոռնուհի և գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի ուղեկցությամբ: Իսկ սեպտեմբերի 30-ին հանդիպում-համերգին կներկայանան պատանի կոմպոզիտորները: Թանգարանի պատվավոր հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը և Ռուբեն Ահարոնյանը:



Սեպտեմբերի 16-ին սկսվում է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Հանդիսավոր բացման համերգին ընդառաջ՝ մեր անակնկալ հյուրերը դարձան կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը և փառատոնի տեղեկատվական մասի պատասխանատու Սոնա Խաչատրյանը:



Լոնդոնյան այս ջազային տրիոն 2017-ին հաղթել է «Յամահայի», «Ջազ FM»-ի, Ռոնի Սքոթի ակումբի կազմակերպած և 5 շաբաթ ընթացող լրջագույն մրցույթում: Ժյուրիի անդամները բացատրել էին, որ նրանք թունելի մեջ մի լույս էին փնտրում: Լոնդոնից հետո առաջին արտերկրյա համերգը Երևանում էր: Մեր հյուրն է «Cygnus Flare»-ի դաշնակահար Արման Վարդանյանը:



Սեպտեմբերի 7-ից 10-ը Նկարիչների միությունում տեղի է ունենում նկարիչ, մոդելավորող, ոճաբան Շուշան Սարգսյանի աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են գրաֆիկական գործեր, գունանկարներ, կերպարային քանդակներ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ:



Հոկտեմբերի 9-ին Երևանում պրեմիերա է: Ներկայացվելու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերա-օրատորիան: 1936 թվականին ստեղծված այս գործը հայ կոմպոզիտորական արվեստում առաջին փորձն էր երաժշտության մեջ բացահայտելու դյուցազնական հոյակապ վիպերգը: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի 120 և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակներին: Մեր հյուրն է նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանը:



Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը չորրորդ անգամ բարձրաձայնեց, որ լավագույն մաղթանքը սերն է, բարությունն է, համարձակությունն է, հավատքն ու խաղաղությունը: Բացօթյա կինոդիտումները, վարպետության դասերը, համերգները, Երևանում և մարզերում տեղի ունեցած կինոճամբարներն արդեն դարձան «Ֆրեսկոյի» 2017 թվականի պատմություն: Մեր հյուրն է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:



Հուլիսի 29-ին՝ ժամը 15:30-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ավտոբուսները բոլորին կտանեն Սևան՝ Հայրավանք՝ Ավետ Տերտերյանի տուն: Նրա ծննդյան օրը մեզ սպասում է երաժշտական ու թատերական իմպրովիզացիաների երեկո: Միացյալ կամերային նվագախմբի կատարմամբ կհնչեն Միխայիլ Կոկժաևի ու Վահագն Վարդանյանի ստեղծագործությունները, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան: Փառատոնի և օրվա մանրամասները մեզ փոխանցում է մեր անակնկալ հյուրը՝ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը:



Հուլիսի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվելու է «Տերտերյանի ժամանակը» փառատոնը: Այդ օրվանից մինչև հուլիսի 31-ը Հայաստանն ու Արցախը ապրելու են դեպի Ավետ Տերտերյան տանող օրեր: Իսկ մեր դասականին ամենամոտը գտնվելու են երիտասարդ հայ կոմպոզիտորներ Արեգնազ Մարտիրոսյանը, Բարդի Մինասյանը և Վահագն Վարդանյանը:



«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հուլիսի 11-ին Լիլիթ Գրիգորյանի երևանյան սպասվող մենահամերգը «Վեմի» համար անակնկալ հանդիպման առիթ դարձավ: Դաշնակահարը նվագելու է Շուբերտի, Ռախմանինովի և Մոմպոուի նրբագեղ ստեղծագործությունները:



Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսումնական տարին եզրափակվեց հունիսի 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած հաշվետու մեծ համերգով: Երեկոյի հաջորդ օրը մեր անակնկալ հյուրերն էին դպրոցի տեսական բաժնի վարիչ Նանա Թորոսյանն ու վոկալի ուսուցչուհի Արմինե Մկրտչյանը:



Հունիսի 17-ին՝ ժամը 16-ին, Մ. Սարյանի տուն-թանգարանի Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում տեղի կունենա վաստակաշատ երաժշտագետ Արաքսի Սարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Անակնկալ հանդիպման հյուրն է նրա դուստրը՝ թանգարանի գլխավոր ֆոնդապահ, բանասեր, արվեստաբան Սոֆյա Սարյանը: Զրույցի ավարտին հնչում է Ղազարոս Սարյանի Արիան՝ Ռուբեն Ահարոնյանի և հեղինակի կատարմամբ:



Լուսինե Զաքարյանի կերպարին սիրահարված մեր հյուրը երգչուհու կենսագիր Սերգեյ Մանվելյանն է: Նրա գործուն մասնակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ հունիսի 15-ին՝ ժամը 14-ին, գրադարանի դահլիճում տեղի կունենա Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթ: Կներկայացվեն ժամանակակիցների հուշեր, եզակի տեսագրություններ, արխիվային նոր նյութեր ու համերգային կատարում:



Հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ են դուրս գալու հայազգի լավագույն երաժիշտները՝ ներկայացնելու «Ամեն» մոդեռնիստական օպերան, որտեղ միակցված են տեսողական էֆեկտները, երաժշտությունն ու պարը: Անակնկալ հանդիպման հյուրն է այդ նախագծի կոմպոզիտոր և պրոդյուսեր Արաքսի Մուշեղյանը:



Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը: «Վեմ» ռադիոկայանի տոնական եթերում կարևոր խոսքերը հաղորդելու են երեխաները՝ եթերային բացիկների հերոսները: Մեր ստեղծագործական աշխատանքին միացել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից Անի Գաբրիելյանը, Արփի Սարգսյանը, Հռիփսիմե Մուրադյանը, Երևանի թիվ 99 հիմնական դպրոցի աշակերտներ Թամարա Շառոյանը, Վոլոդյա Վարդանյանը, նաև թիվ 189 հիմնական դպրոցից քույրիկներ Նարե և Էլեն Սարատիկյանները:



Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, մայիսի 24-ին հրավիրում է «Էլլա Ֆիցջերալդ 100» խորագրով տոնական համերգի: Մասնակցում են օպերային թատրոնի նվագախումբը և երեք երկրների ամենավառ երաժիշտները: Անակնկալ հանդիպման առիթն այդ համերգն է, և մեր հյուրն է ջազաշունչ դասական՝ դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:



Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն է բացվում: Նվագարանի միջոցով կծանոթանանք Հայկական լեռնաշխարհում նվագարանային երաժշտության զարգացման պատմական ընթացքին... Այսօրվա մեր անակնկալ հյուրն էր թանգարանի գիտացուցադրական բաժնի վարիչ և կրթական ծրագրերի պատասխանատու, արվեստաբան և սպասվող ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրյանը:



2013 թվականին ավստրիաբնակ կոմպոզիտոր Ռոն Հաննահն առաջին անգամ գալիս է Հայաստան: Նա տպավորվում է հայ ժողովրդի հզոր տաղանդով, ոգեշնչվում է Գրիգոր Լուսավորչի կերպարով: Ապրումները ծնում են «Լուսավորիչը» օպերան, որի պրեմիերան կկայանա ապրիլի 3-ին և 4-ին: Մեր ուղիղ եթերի հյուրն էր ներկայացման դիրիժոր Հարություն Արզումանյանը:



Չինարենի բաց դաս և չինական թեյախմության արվեստի հետ հանդիպում են մեզ սպասում մարտի 29-ին «Դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-չինարեն և ռուսերեն-չինարեն բառարանի» շնորհանդեսին։ Գիրքը հեղինակել է Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, չինարենի ուսուցիչ Լիլիթ Հակոբյանը:



«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսով «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը մարտի 24-ին սկսեց 2017 թվականի ցուցադրությունների ծրագիրը: Կենտրոնի «Արծիվ» սրահում արվեստագետի երևանյան, մոսկովյան, լոնդոնյան շրջափուլերը ներկայացնող աշխատանքներն են, որոնք երբեք «միմյանց չեն տեսել»… Մեր հյուրն է «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցը:



Գեղամ Գրիգորյանի երգեցողությունն այդպիսին էր: Մեծանուն տենորի հիշատակին է նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարտի 23-ի երեկոն: Այդ օրը երգելու է նաև թատրոնի մեներգչուհի մեցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ում համար հարազատ ու թանկ է Գեղամ Գրիգորյանի անունը:



Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 10-12-ը կանցկացնի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական չորրորդ մրցույթը: Մեր հյուրն է միության ինֆորմացիոն բաժնի ղեկավար՝ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:


Կատարողական արվեստի փառատոնի այս տարվա խորագիրն է «Ասվածքի կատարում» (“Performing Narrative”): Պատմել պարի, խոսքի, լռության, նկարչության լեզվով… Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինե Կարոյանը վստահ է, որ մարդկանց միշտ հետաքրքրում է լավ պատմություն: «ԱՐԷ»-ն սկսում է բրիտանական «Կանդոկո» ժամանակակից պարի խմբի հյուրախաղերով՝ մարտի 16-ին, ժ. 17.00-ին:



Երաժշտագետ Շուշան Հյուսնունցի և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հետ խոսեցինք միջազգային երաժշտական փառատոնի անցած և սպասվող երեկոների մասին: Փառատոն, որտեղ հանդիպել են 20-րդ դարասկզբի նկարիչների կյանքի պատմությունն ու 20-րդ դարավերջի երաժշտության ներսը նայող հայացքը, որտեղ հանդիպել են երգող դաշնամուրն ու հայկական վիոլան… Հաջորդ հանդիպումները մարտի 11-ից 15-ն են:



Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա էր: Վիլեն Գալստյանի բեմադրած «Դիմակահանդես» բալետում այդ օրը Արբենինի կերպարը մարմնավորում էր թատրոնի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը: «Ես հայ եմ, ու սա իմ թատրոնն է: Այն ջերմությունը, որ ստանում եմ մեր թատրոնում, հանդիսատեսից, ոչ մի տեղ չեմ ստացել»,- խոստովանում է մեր հյուրը:

