Շաբաթ - 10:00
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչ է սրբությունը: Սրբությունն ու կատարելությունը հոմանիշներ են, և երբ Տերն ասում էր՝ կատարյալ եղեք, ինչպես մեր երկնային Հայրը, սրբության և կատարելության ի՞նչ աստիճան էր ենթադրում: Ինչպես հասնել սրբության, և որոնք են սրբության աստիճանները:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Հաճախ է շեշտվում, որ քրիստոնեությունը հայտնութենական կրոն է: Ասել է, թե Աստված Իրեն հայտնո՞ւմ է մեզ: Իսկ ի՞նչ է հայտնում Աստված մեզ Իրենից, որին անտեղյակ կլինեինք, եթե չհայտներ: Չէ՞ որ Աստծո բնական օրենքը մեր խղճի մեջ է գրված: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա լրացուցիչ բաներ հայտնելու: Ի՞նչ միջոցներով Տերը կարող է Իրեն հայտնել մարդուն:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչու Հայր Աստված վերջին օրերին խոսեց Որդու միջոցով: Ինչ էր ասելու և անելու Որդին, որ Նրանից առաջ եկածները չասացին ու չարեցին: Որդին ինչպիսի բնութագրիչներով է հանդես գալիս, և Հայրը ինչպիսի միջոցներով է բացահայտում Որդուն մարդկանց առաջ։ Ինչու Որդին խոսեց և արեց միայն այն, ինչ Հայրը կամեցավ:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Երբ Քրիստոսը քարոզում էր երկրի վրա, մի խորհուրդ տվեց՝ վերցնել սեփական խաչը և հետևել Իրեն: Սա անհատական առաջարկ էր, որ վերաբերում է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քրիստոնյայի: Իսկ ինչպե՞ս կարող է այդ գիտակցված խաչակրությունը տեղի ունենալ մի ամբողջ ազգի հետ: Կարո՞ղ է Տերը մի ամբողջ ազգից դա ակնկալել: Մեզ հաճախ են ասում, որ մենք խաչակիր ազգ ենք: Ո՞րն է իրականում մեր ազգի խաչը:
- Տ. Թովմա քհն. Անդրեասյան



Ինչու է Սուրբ Երրորդությունն անձնավորված: Ինչ ասել է անձ, անհատ և անհատականություն: Մենք հաճախ ընդդիմանում ենք Աստծո հետ միակամ լինելուն, մեկ սիրտ ու հոգի լինելուն, ազատության կռիվ ենք տալիս, իրավունքների՝ վախենալով, թե կկորցնենք մեր անհատականությունը, մեր ես-ը, մեր ազատությունը: Արդյո՞ք դա հիմնավորված վախ է: Մենք կարո՞ղ ենք առանց Աստծո հետ համագործակցության լիարժեք անձ, անհատ և անհատականություն դառնալ:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչ է Քրիստոսի հարությունը քրիստոնյայի համար: Ինչպես է այն առնչվում մեր մահկանացու մարմնին և այդ մարմնի մեջ թախծող հոգուն: Ինչպես է յուրաքանչյուր քրիստոնյա իրագործում հարության գործողությունն իր կյանքում: Քրիստոնյային նայելիս և նրա կյանքին հետևելիս ինչպես պիտի զգացվի, որ Քրիստոսը հարություն է առել:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչ է ողորմությունը, և ով ունի ողորմության կարիք: Աստված ինչ կարող է մարդուն ողորմելով տալ: Ինչ կկորցներ մարդն Առանց Աստծո ողորմության: Աստված ծածկաբա՞ր է ողորմում մեզ, թե ի ցույց բոլորիս:
- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան



Որն է Ավագ շաբաթվա խորհուրդը, և ինչպես է այն տարածվում մեր կյանքի բոլոր օրերի վրա: Արդյո՞ք հոգևոր իրողություններով և Տիրոջ երկրային տնօրինություններով գերհագեցած այդ յոթ օրերը վերապրելով չէ, որ պիտի տեղի ունենա յուրաքանչյուրիս կյանքի փրկագործումը: Մարդը կարո՞ղ է շրջանցել իր կյանքի Ավագ շաբաթը, որ Տերը տնօրինեց յուրաքանչյուրիս համար: Ինչպես է ստեղծվում նոր արարչություն` նոր երկինք և երկիր, այս Ավագ շաբաթվա արդյունքում, և նոր մարդը՝ մեր ներսում:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Որն է Տիրոջ Երուսաղեմ մուտքի խորհուրդը: Ինչ է Երուսաղեմը քրիստոնյայի համար, և որն է մեր հոգևոր Երուսաղեմը: Արդյո՞ք մեր հոգին Տիրոջ երանելի բնակատեղին չէ և Նրա հաղթական մուտքը այնտեղ ամենասպասվածը չէ: Ինչպես պատրաստել մեր հոգու տաճարը՝ հոգևոր Երուսաղեմը, Տիրոջ առաջ:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչու ենք սպասում Տիրոջ երկրորդ գալստյանը: Որոնք են մեր սպասելիքները դրանից և մեր սպասման շարժառիթները: Եթե քրիստոնյաները գիտակցումն ունեն այդ երկրորդ գալստյան, ապա ոչ քրիստոնյաները այն չունեն: Ինչու է նաև նրանց համար գալու Տերը: Ինչպես ապրել սպասման ժամանակը՝ սպասողականությա՞մբ, թե՞ զօրուգիշեր անխոնջ գործելով:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչու է Մեծ պահքի կիրակիներից մեկը կոչվում «Դատավորի»: Ումն է դատաստանի իրավունքը՝ մարդո՞ւնը, թե Աստծունը: Ինչպես կարող են ողորմությունն ու դատաստանը նույն Անձից լինել: Ինչպես ապրել, որպեսզի չվախենաս Աստծո դատաստանից:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչու է Մեծ պահքի կիրակիներից մեկը կոչվում Տնտեսի: Ով է տնտեսը, և որն է նրա տնտեսությունը: Ինչպես վարվել Աստծուց մեզ բաժին հասած հոգևոր ու մարմնավոր տնտեսության հետ, ինչպես անկորուստ և դեռ ավելիով այն վերադարձնել իր Տիրոջը: Որոնք են մեր տնտեսության ներքին և արտաքին թշնամիները:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Սուրբ Գիրքը, խոսելով մարդկանց անառակաբարո վարքի մասին, լայն ծիրով է այն դիտարկում: Ինչու ենք այսօր անառակությունը միայն ապօրինի սեռական հարաբերությունը համարում: Մարմի՞նը, թե՞ հոգին է պատասխանատու մարդու անառակ վարքագծի համար: Ինչը կարող է մարդուն մղել անառակության և ինչը կարող է նրան հետ պահել դրանից: Անառակի համար ինչու են ծիծաղելի սրբությունն ու պարկեշտությունը:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչ է արտաքսումը: Ինչպիսի զգացումներ պիտի ունեցած լիներ առաջին արտաքսյալը և աքսորականը՝ մեր նախահայր Ադամը՝ Դրախտի դռների առաջ: Որոնք էին նրա արտաքսման պատճառները և հետևանքները: Ինչ ենք զգում մենք, երբ մեզ արտաքսում կամ օտարում են մեզ հարազատ միջավայրից կամ սրտից: Ինչու են երբեմնի սիրող սրտերն իրար օտարանում, և ինչպես վերականգնվել սիրո և մերձավորության մեջ:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Որն է Մեծ պահքի խորհուրդը հոգու և մարմնի համար: Ինչպիսի շարժառիթներ կարող են լինել այն պահելու համար, և որ շարժառիթներն են ընդունելի Աստծուն: Ինչու են մեզանից ոմանք Մեծ պահոց շրջանում ընկնում հպարտության մեղքի մեջ, և ինչպես խուսափել դրանից:
- Հյուր՝ Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան



Ինչու մենությունը չի ճանաչում տարիք, հարստություն, աղքատություն, սոցիալական կարգավիճակ: Արդի աշխարհում ինչու է այդքան սրված մարդու մենության խնդիրը, և ինչպես հաղթահարել այն: Արդյո՞ք նույն մենությունն ու լքվածությունն էր զգում Հիսուսը խաչի վրա, ինչ ժամանակակից մարդը՝ իր առօրյա կյանքում:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչ է ազատ կամքը, և որն է նրա գործառույթը: Մարդը իսկապե՞ս ունի ազատ կամք: Մարդը սիրում է իր սիրած բաները անել կամ ընտրել, իսկ մեր կամքը ունի նախահակվածություն դեպի մեղքը: Այդ դեպքում ինչպես դրսևորել Աստծուն հաճո ազատ կամք, այսինքն՝ մեղքին հակառակ կանգնելու կամք: Տերունական աղոթքում ասում ենք. «Թո՛ղ քո կամքը լինի երկրի վրա և երկնքում», այդ դեպքում ո՞ւր մնաց մե՛ր ազատ կամքը:
- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան



Ինչպես կարող է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդը չհավատալ Աստծո գոյությանը: Ինչն է նպաստում անհավատության առաջացմանը և տարածմանը: Անհավատության ինչպիսի տեսակներ են հանդիպում կյանքում:
- Տ. Առնակ քհն. Հարությունյան



Ինչու է Հին Ուխտում այդքան կարևորվում իմաստությունը, և ինչու է Տիրոջ հանդեպ երկյուղը դիտվում իմաստության սկիզբը: Իմաստությունը նկարագրվում է որպես մի բան, որ Տիեզերքի արարչության պահից ներկա է եղել, ինչպե՞ս հասկանալ: Ինչպե՞ս հասնել իմաստության:
- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան



Յուրաքանչյուրին մեկ հատիկ կյանք է տրված. ո՞րն է այդ կյանքի նպատակը, իմաստը: Կարո՞ղ է տարբեր մարդկանց կյանքի իմաստը տարբեր լինել և ընդունելի՝ քրիստոնեական տեսանկյունից: Ո՞րն է քրիստոնյայի կյանքի իմաստը: Կյանքի իմաստի բացահայտումից չէ՞ արդյոք կախված մարդու ամբողջ կյանքը:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Տերն ասում է. «Իմ բեռը քաղցր է և թեթև»: Բայց շատերս ենք տրտնջում, որ մեր խաչն ուրիշ է՝ ծանր է և անտանելի: Ինչպե՞ս հասկանալ: Հաճախ հարցնում ենք՝ ո՞րն է իմ խաչը, գնամ վերցնեմ ուսերիս, բայց արդյո՞ք յուրաքանչյուր ոք ինչ վիճակում որ է՛, կյանքի ինչ ընթացքի մեջ որ է՛, հենց դա չէ նրա խաչը: Ո՞րն է յուրաքանչյուրիս խաչը:
- Տ. Առնակ քհն. Հարությունյան



Ի՞նչ կատեգորիա է խիղճը: Արդյո՞ք այն աստվածադիր օրենքների ու կարգի բնատուր կրողն է և այդ իսկ պատճառով շատերը անհաշտ են իրենց խղճի հետ, երբ մեղքի մեջ են: Ինչու են սուրբ հայրերը խիղճը մարդու ոսոխը համարում, որի հետ ճանապարհ գնալիս պետք է զգուշանալ, որպեսզի այն քեզ դատավորի ձեռքը չմատնի:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Քրիստոնյան ինչու է պարտավոր ներել: Ինչ է տալիս այդ ներումը նրան և դիմացինին: Ներել պետք է միայն նրան, ով ներո՞ւմ է խնդրել, զղջացե՞լ է, թե՞, անկախ դիմացինի կարգավիճակից, ներել միշտ է պետք: Որն է ներման ներուժը և օգտակարությունը:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ո՞րն է «Տիրոջն ընդունելի տարին» (Ես. ԿԱ 2): Կարելի՞ է Քրիստոսի ծննդով այդուհետ բոլոր տարիները ապրել որպես Տիրոջն ընդունելի տարի: Ինչպե՞ս ապրել տարին, որպեսզի Տիրոջ համար այն ընդունելի լինի: Ինչո՞ւ է քրիստոնյա աշխարհը ևս տուրք տալիս տարվա ընթացքը կենդանակերպերի և ոչ թե Աստծո հետ կապելուն:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան

