Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Երաժշտագետ-բանահավաք, Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը «Գորանի» անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Նրա հետ զրույցի ընթացքում հնչում են Տարոնի «Գորանի», պարսկահայոց «Կյաջլան» և «Ել, ել» երգերը, նույն շրջանի կատակերգ «Էկան, ասին»-ը, «Աճմամ ու Շամամե»-ն, Երզնկայի «Ուսկի կուգաս» և «Կյոմրուգին պատը պլեր է» երգերը, Բյութանիայի Բարեկենդանի երգերի շարան «Աս տարի, տարի»-ն և «Ճատ մանանա», «Մամոգ, մամոգ» պարերգերը:

Թավջութակի հայ կատարողական արվեստի դասական Մեդեա Աբրահամյանի համար 2017 թվականը հոբելյանական է: Արևելագետ Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» խորագրով նոր հրատարակությունը եզակի հուշարձան է թագուհու պատվին:

Ալտահար Մաքսիմ Նովիկովը կատարողական գործունեությամբ միմյանց է կապում Հայաստանի ու արտասահմանյան շատ երկրների մշակութային իրադարձություններ: Նրա և դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի նախաձեռնությամբ 2017 թվականի օգոստոսին իտալական Լիգուրիա շրջանի Լերիչի բնակավայրում ստեղծված «Ծոցի հնչյուններ» («Suoni dal Golfo») փառատոնը այդպիսի հեռանկարներից մեկն է: Զրույցի ընթացքում մեր հյուրը ներկայացնում է իտալական տպավորությունները և սեփական ստեղծագործական կյանքի նորությունները:

2017 թվականի հոկտեմբերի 5-15-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հյուրախաղերով Իսրայելում էր: Սա նրանց մշակութային դիվանագիտության հերթական քայլն էր: Ավետյաց երկրում նրանք ստացան «Հայաստանի ապագան» բնորոշումը և անցան խորհրդանշական ու նվիրական վայրերով:

Նրանք երգչախմբային արժանապատիվ միջավայր ու եզակի կենսագրությամբ պատմություն են ստեղծում: «Հովերի» այսօրվա հասունությունը ինձ համար ամենաթանկն է»,- խոստովանում է Սոնա Հովհաննիսյանը: 25-ամյա «Հովեր» երգչախմբի հոբելյանական երեկոյին հաջորդած զրույցը համերգից եղած ապրումների մասին է: Թողարկման մեջ ընդգրկված են դիրիժոր Կարեն Դուրգարյանի, Վահագն Հայրապետյանի տրիոյի, հրավիրյալ երաժիշտների ու երգչախմբի մենակատարների մասնակցությամբ համերգի առանձին հատվածներ:

Վլադիլեն Բալյանի ծննդյան 90-ամյակի առթիվ մեր հյուրը դարձավ հոբելյարը` տաղանդավոր երաժիշտն ու տաղանդավոր կազմակերպիչը: Լենինականի երաժշտական ուսումնարանի տնօրեն, Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության առաջին գլխավոր խմբագիր, համերգային կազմակերպության` Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար, Հայֆիլհարմոնիայի տնօրեն ու Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն… Իսկ իր կյանքի ամենագլխավոր գործը համարում է իր իսկ գաղափարի` Մարտիրոս Սարյանի «Հայաստան» վիտրաժի ստեղծման իրականացումը:

Վաչե Շարաֆյանն ասում է, որ իր արվեստի մեջ կա Արևելք-Արևմուտքի խոր դիսոնանսի լուծումը: Կոմպոզիտորական իր աշխարհընկալման մասին մեր հյուրը նաև այսպիսի խոստովանություն է անում. «Մենք միայն այսօրվա մենքը չենք: Մենք նաև անցյալն ենք: Սա զգալով՝ դու տեսնում ես նաև ու փորձում դեր ունենալ քո ժամանակի մեջ, որպեսզի այն փոխվի դեպի ավելի լավ կողմը: Հետևաբար, դու պատասխանատվություն ես կրում»: Թողարկման առանցքային թեման «Աղետ» միջազգային նախագծի համար գրված Surgite Gloriae («Զարթիք, փառք իմ») ստեղծագործությունն է:

«Կա երաժշտություն, որի միջոցով ամեն մի կատարող կարողանում է արտահայտել ինքն իրեն: Երաժշտությունը երաժշտություն է, երբ իրապես տալիս է այդ հնարավորությունը»,-բացատրում է մեր հյուրը, որի գործերը վերջին տարիներին շարունակում են հնչել հայ և համաշխարհային երաժշտարվեստի պատասխանատու բեմերից: Վաչե Շարաֆյանի հետ զրույցում անդրադառնում ենք Թավջութակի և նվագախմբի թիվ 2 կոնցերտին, «Պեպո» ներկայացման համար գրված երաժշտությանը:

ՙՄենք մեր մեջ շերտերով կրում ենք մեր մշակույթը, և մի օր մի ստեղծագործողի շնորհիվ կրկին անգամ այն ելնում է՚: Այսպես է մեր հյուրը բացատրում Հարություն Դելլալյանի ստեղծագործության ուժը: Կոմպոզիտորի դուստրը վստահ է, որ իր հայրը հաղթել է ժամանակին և նա է թելադրում ինչ անել: Սան Կառլոյի ազգային թատրոնի նվագախմբի մենակատար, Դելլալյան տրիոյի ջութակահար Նարինե Դելլալյանի հետ հանդիպման առիթը Հարություն Դելլալյանի 5 կամերային գործերի հրատարակումն է:

2017 թվականին լույս է տեսել Կարլեն Միրզոյանի «Անդրադարձ հայ ազգային նվագարանների պատմափաստագրությանը և «Տկզար» համույթի գործունեությանը» խորագրով աշխատությունը: Մեր զրույցի թեման գիրքն է, հերոսը՝ հեղինակը՝ հայ ազգային երաժշտության արվեստում կատարողի, ուսումնասիրողի, մանկավարժի կենսագրություն ունեցող հայորդին:

Սուրեն Հախնազարյանը կրում է քսաներորդ դարի ջութակի ամենավառ դպրոցի չափազանց կենսունակ գենը, որը շարունակվում է նրա ընտանիքում և ուղղորդում աշակերտներին: Այսօր նա մանկավարժական արվեստի դասականներից է, որի ներկայությունն անպակաս է հայրենիքից մինչև Հեռավոր Արևելք: Նրա անունը հայ երաժշտական մշակույթի համար բարձր, ազնվական արվեստի հոմանիշ է: Զրույցի ընթացքում կհնչեն հատվածներ Գրաժինա Բացևիչի, Կարմելա Ցեպկոլենկոյի ստեղծագործություններից, Կոմիտաս-Ասլամազյանի «Ալ այլուղս», «Քելեր ցոլեր» մանրանվագները, Դմիտրի Շոստակովիչի Յոթերորդ կվարտետի երկրորդ մասը և Յոզեֆ Հայդնի Սոլ մաժոր կվարտետի Մենուետը:

Այնտեղ երգեցին նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներն» ու «Տավուշի դեսպանները»: Այնտեղ հնչեցին նաև հայկական ջազն ու հայ կոմպոզիտորների դասական դարձած էստրադային կատարումները: Լսեք ամառային Հայաստանի հոգևոր-մշակութային գլխավոր փառատոնի անդրադարձի եզրափակիչ մասը:

Իրինա Զաքյանի ձայնը հնչում է մեր մշակութային կյանքի գլխավոր համերգներին ու արտերկրի բեմերի ազդեցիկ իրադարձություններին: Նա ասում է, որ երբեք մտքով չի անցել երգչուհի դառնալ: «Երբ հոգևոր գործեր եմ կատարում, շատ լավ եմ զգում և չեմ ուզում աշխարհիկը երգել»,- խոստովանում է մեր հյուրը:

12-րդ դարի վերջին քառորդում Հաղարծնի վանահայրը Խաչատուր Տարոնացին էր՝ ժամանակի հռչակված երաժիշտ վարդապետներից մեկը: «Սա պայծառացրեց իր առաջնորդության ենթակա սուրբ միաբանությունը, որը նրա գալուց առաջ ամայի էր ու խամրած»,- գրել է Կիրակոս Գանձակեցին: Իսկ 20-րդ դարում ականավոր երաժշտագետ Նիկողայոս Թահմիզյանն ընդգծել է, որ սքանչելի վարդապետն իր ժամանակաշրջանի երաժիշտներին առաջադրում էր երեք կարևոր խնդիր՝ պաշտոներգության բարենորոգություն, խազագրության արվեստի տարածում և ստեղծագործական գործունեության ծավալում: 21-րդ դարի հայ երաժիշտների տարբեր սերունդների երգն ու նվագը նույնպես լսելի է Հաղարծնի վանքում…
- Հյուրեր՝ Ռոբերտ Մլքեյան, Մհեր Նավոյան, Անահիտ Պապայան

2015 թվականից արտերկրում մենահամերգներով սկսեց ելույթ ունենալ Արմինե և Կարինե Մկրտչյաններ դուետը: Երկվորյակ քույրերից յուրաքանչյուրը Հայաստանում ու Շվեյցարիայում մանկավարժական ու կատարողական հետաքրքիր խոսքով առանձնացող անհատականություն է: Իսկ երբ միասին են երգում, ունկնդիրը սիրահարվում է այս դուետի համահնչունությանը:

Հմուտ կիթառահար Բեթհովենի համար ավելի հեշտ էր գրել մեկ սիմֆոնիա, քան մեկ ստեղծագործություն մենանվագ կիթառի համար: Դասական կիթառն ամեն ժամանակաշրջանում համարվել է նոր գործիք: Այդպիսին է գործիքը նաև ժամանակակից հայ կատարողական արվեստի համար, որի ակտիվ ներկայացուցիչն է տեղի ու արտերկրի ամենալուրջ միությունների անդամ, կիթառահար Ժորա Սարգսյանը:

Մեր օրերի օպերային արվեստի մեծերից է Բարսեղ Թումանյանը: Փառավորվում ես, երբ ունկնդրում ես նրա ձայնը, սթափվում ես, երբ լսում ես նրա խոսքը. «Այսօր Հայաստանը շատ հանգիստ կարող է կոչվել օպերային երկիր. մենք առաջատար ենք մեր ներուժով ու ցանկություններով»: Այս թողարկման մեջ տեղ են գտել մեր հյուրի՝ օպերայից մինչև այսօրվա հերոս ունենալու մտորումները: Զրույցի ընթացքում ներառել ենք Դավիթ Բեկի, Պրոչիդայի, Ֆիգարոյի, Աթիլայի դերերգերը և հատված Հենդելի «Փրկիչ» օրատորիայից:

Հմայակ Դուրգարյանի հետ զրույցի երկրորդ մասում տեղ են գտել Ռուդոլֆ Բարշայի, Եվգենի Սվետլանովի, Վլադիմիր Սպիվակովի, Իսպանիայի մասին հիշողություններն ու հայաստանյան տպավորությունները: Թողարկումը սկսվում է Յոզեֆ Միսլիվեչեկի Տրիոյով, որտեղ հնչում է մեր ջութակահար հյուրի կատարումը: Հաղորդման մեջ տեղ են գտել հատվածներ Ֆրանց Շուբերտի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի, Պյոտր Չայկովսկու, Առնո Բաբաջանյանի, Մարտուն Իսրայելյանի ստեղծագործություններից, որոնք կատարում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ: Երևանում կայացած հոբելյանական երեկոյի մենակատարներն էին ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը, Քսենյա Դուբրովսկայան, Դիանա Ադամյանը, ֆլեյտահար Դարյա Գրիգորենկոն, տավղահար Անահիտ Դանուխյանը, թավջութակահար Վահրամ Սարաջյանը:

«Հմայակ Դուրգարյանի կյանքը սկսվեց Գյումրիից: Երևան եկավ անկրկնելի ժպիտով ու տաղանդով, տարավ Մոսկվա, այնտեղից էլ աշխարհով մեկ՝ հնչեցնելու ջութակահարի, դիրիժորի ու մանկավարժի իր խոսքը, գյումրեցու ջերմությամբ ու անկեղծությամբ»: «Մոսկովյան վիրտուոզների» հայ ներկայացուցչի՝ Հմայակ Դուրգարյանի 75-ամյակի առթիվ կազմակերպված զրույցի առաջին մասում հոբելյարը հիշում է ծննդավայրի, Կարպ Դոմբաևի, Ժան Տեր-Մերկերյանի, Հակոբ Վարդանյանի, Զարեհ Սահակյանցի և իր կյանքի հայաստանյան էջերի մասին:

«Իտալացիները սիրում են տաք ձայներ, ջերմ կատարում»: Այդպիսին է մեր հյուրը՝ Նյուրնբերգի պետական թատրոնի առաջատար երգչուհի, Լոնդոնի Թագավորական օպերային և Վիեննայի պետական օպերային թատրոնների հրավերները ստացած գերմանաբնակ Հրաչուհի Բասենցը:

Նոր ձայնասկավառակն ու նրա շնորհանդես-մենահամերգը առիթ դարձան պատրաստելու այս թողարկումը, որտեղ դաշնակահար Հայկ Մելիքյանի հատընտիր կատարումներն ամբողջանում են նրա յուրահատուկ մեկնաբանություններով: Օրինակ՝ «Բախի մոտ կարծես հյուր գնաս, իսկ Շտոկհաուզենը դու ես»: Մնացածը՝ զրույցի ընթացքում:

Անվանի դաշնակահար Շահան Արծրունին այսպիսի խորագրով համերգ-զրույց-վարպետության դասեր անցկացրեց Գյումրի, Վանաձոր, Բերդ, Աշտարակ, Գորիս, Ստեփանակերտ քաղաքներում: «Կանոնավոր առիթ չեմ ունեցել զբաղվելու մանկավարժությամբ, այս կերպ հաղորդելու և հաղորդվելու հնարավորություն ունեցա»,- հայաստանյան հյուրախաղերից ստացած մեծ տպավորությամբ նշում է մեր հյուրը: Զրույցի ընթացքում հնչում են դրվագներ դաշնակահարի նախաձեռնությամբ հրատարակված «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիայի» երկրորդ հատորից։

Արամ Խաչատրյանը երգեր գրել է ամբողջ կյանքի ընթացքում: Նրա գործիքային երաժշտության հիմքը երգայնությունն էր: Նա հիացած էր Շարա Տալյանի արվեստով, նամակներ էր գրում Հայկանուշ Դանիելյանին, սիրելի երգչուհիներից էր Զարուհի Դոլուխանյանը… Պատահական չէ, որ Արամ Խաչատրյանի անվան 13-րդ մրցույթը նվիրված է մեներգեցողությանը: «Արամ Խաչատրյանի մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի հետ զրույցը կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում հունիսի 6-ին մեկնարկող իրադարձության մասին: Թողարկման ընթացքում կհնչեն կոմպոզիտորի Կոնցերտային Երրորդ արիան, հատվածներ «Բալլադ Հայրենիքի մասին» և «Ձոն ցնծության» ստեղծագործություններից: Իսկ «Կենաց երգ»-ը երգում ու նվագում է Արամ Խաչատրյանը:

Դպրոցական տարիքում լսած նրա առաջին դասական ստեղծագործությունը Վաղարշակ Կոտոյանի «Ինչպես երազ» ռոմանսն էր: Ավելի ուշ ուսուցչի՝ Գեղամ Գրիգորյանի դասարանում ուսանողներից մեկը երգել է Էդվարդ Միրզոյանի «Ասում են թե»-ն, և այդ պահից մեր հյուրը սիրահարվել է այդ երաժշտությանը: «Եթե դու կարող ես քո ազգայինը գեղեցիկ երգել, ուրեմն ամեն ինչ լավ կստացվի»,- պատգամել է մեր հյուրին նրա ուսուցիչը: Զրույցի առիթը հայ և համաշխարհային օպերային բեմի հայտնի բաս Գևորգ Հակոբյանի 2015-ին թողարկված «Հայ դասական ռոմանսներ» ալբոմն է: