Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Ֆրանսաբնակ մեներգիչ, դիրիժոր, մանկավարժ Սուրեն Շահիջանյանի երևանյան յուրաքանչյուր ելույթ կատարողական բարձր արվեստի հետ հանդիպելու հրճվանք է: Այդպիսին է նաև նրա խոսքը՝ իմաստուն և խոր՝ ճիշտ այնպես, ինչպես բաս ձայնն է: Մեր հյուրը խոստովանում է, որ նա չէր կարող բարիտոն կամ տենոր լինել:

«Հարությունյան» փողային-դաշնամուրային կվարտետը ստեղծվել է 2015 թվականին: Նրա կատարմամբ օպերային, բալետային ու սիմֆոնիկ ստեղծագործությունները հնչում են գործիքային հազվադեպ համադրությամբ՝ ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և դաշնամուրի մասնակցությամբ: Մեր զրույցը համերգների, հյուրախաղերի և նոր ձայնասկավառակի մասին է:
- Հյուրեր՝ Գևորգ Ավետիսյան, Դավիթ Գյուլամիրյան, Նիկոլայ Պողոսյան, Լիլիթ Զաքարյան

Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար Սիրանուշ Գասպարյանն առաջին անգամ բեմ բարձրացավ Տոսկայի կերպարում. այս պատմությունը սկսվեց Գեղամ Գրիգորյանի խորհրդով և հաստատվեց Վեհափառի օրհնությամբ: Հուսանք՝ համերգային երկար տարիների մեծ փորձ ունեցող երգչուհուն առջևում սպասում է դերերը բեմում ապրելու մի նոր կյանք:

Ուժ, կորով, եռանդ, կազմակերպվածություն. այսպիսի հատկություններ ունեն հայ ժամանակակից արվեստի ամենաավագ փոքրիկները՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` մեր անկախության ամենամեծ նվաճումներից մեկը: Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, Շվեյցարիա նրանց կատարած հյուրախաղերը դիվանագիտական մշակույթի կարևոր էջ են բացել: Մեր հյուրն է երգչախմբի հիմնադիր, գլխավոր խմբավար Տիգրան Հեքեքյանը:

Նարե Կարոյանը դաշնակահարների նոր սերնդի ներկայացուցիչ է: Նա ծնվել է հայ ժամանակակից արվեստում ներդրում ունեցող ընտանիքում: Ուսումնառությունն անցել է ֆրանսիական, գերմանական, ավստրիական մանկավարժական արվեստի մերօրյա նորարարների մոտ: Եվրոպական այդ ուղին սկսվել է Պասկալ Դևուայոնի դասարանից:

Արդեն չորս տարվա կյանք ունի «Ծիրանին», որն ազգային գործիքների ու հայ երաժիշտների ոսկե միջինը կազմող անսամբլ է: Այստեղ առանցքը ծիրանափողն է՝ դուդուկը, որը մարդկային ձայնին ամենամոտ գործիքն է: Իսկ թե ով է «Ծիրանին» ջրողն ու ինչպես է այն հնչում, կպատմեն մեր հյուրերը՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Արտակ Ասատրյանը և մեներգչուհի Էկա Հորստկան:

Նիկոլ Գալանտերյանի երգերը սկսել են նոր կյանքով ապրել: Այդպիսի վերածնունդը ստացել են ուղիղ, ամուր ու հավատարիմ ծառայող երաժշտի՝ դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվիրվածությամբ: Կոմպոզիտորի երգարվեստում կան ճյուղեր, որոնք ցույց են տալիս՝ ինչպես կարող էր հետո զարգանալ հայկական ռոմանսը: «Այս երգերում ես լսում եմ ապագայի՝ Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի երգերը»,-նշում է մեր հյուրը:

Մի ամբողջ մշակութային դարաշրջանի հետ հանդիպում ստացվեց Դանիել Երաժշտի 70-ամյակին նվիրված զրույցը: Կյանքի մեծ ուղու ընթացքում առանձնանում են Տատյանա Հայրապետյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Ռոբերտ Աթայանի, Միքայել Մալունցյանի, Դավիթ Խանջյանի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու անունները: «Իմ ուսուցիչները ցույց տվեցին երաժշտության արքայության ճանապարհը»,- ասում է Դանիել Երաժիշտը:

Ամերիկաբնակ բարիտոն Տիգրան Ժամկոչյանի նախաձեռնությամբ և անձնական ճիգերով արտերկրում 1960-ականներից հնչել է հայ երաժշտությունը։ Նա միշտ առիթից օգտվել է որոշ բաներ տեղ հասցնելու համար՝ լինի դա ամերիկյան նախագահի թե Թուրքիայի դեսպանի ընդունելության ժամանակ. «Ես սիրում եմ շարժումը, ուզում եմ օգտակար լինել իմ ազգին»:

Ալեքսանդր Սպենդիարյանի համար Հայաստան բերող ուղիները հայ մշակույթի պատմության փայլուն անուններն էին ու նրա ժամանակակիցները՝ Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Հովհաննես Թումանյան, Շերամ և այլք: Կոմպոզիտորի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը պատմում է այդ ծանոթ ու անծանոթ հանդիպումների մասին:

Կամիլա Երկանյան և Արմինե Աբաջյան… երաժիշտների ընտանիքների ժառանգներ, անհանգիստ ու երազկոտ տարբեր խառնվածներով դաշնակահարուհիներ, որոնք ներկայացնում են «Կամար» դուետը: Այսօր նրանք Բեյրութի կոնսերվատորիայի հարգված մանկավարժներ են: Հայաստանյան առաջին համերգից հետո «Կամար» դուետը մեր հյուրն է: Զրույցի ընթացքում հնչում են Միրզոյանի, Խաչատրյանի, Մոցարտի, Սպենդիարյանի և Շուբերտի ստեղծագործությունները:

Զավեն Վարդանյանի հետ զրույցը անթույլատրելի տեսակով արվեստագետի մասին է: Զրույցը համեմված է հավատամքի ուժ ունեցող մեջբերումներով. «Կյանքը պետք է ապրել՝ չմտածելով, թե քեզ որտեղ են տեղ հատկացնելու՝ Կոմիտասի պանթեոնում, թե քաղաքային պանթեոնում»: Եվս մեկը՝ «Գեղեցիկ է, երբ մեր կյանքն անցնում է վերցնելուց ավելի տալով ու անկատարը կատարյալ դարձնելու բուռն ցանկությամբ»:

Ամերիկաբնակ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանը և անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը թողարկեցին համատեղ առաջին ձայնասկավառակը՝ «Ortus» խորագրով: Այս երիտասարդ կոմպոզիտորը մեծացել է մոր երգած կոմիտասյան երգերով: Նրա համար շատ կարևոր է, որ իր լսարանը մասնակից լինի իր արվեստին, լսի իր երաժշտությունը: «Ես Հայկին տեսա իմ երաժշտությունը կատարելիս... Հայկը մի նոր պատուհան բացեց դեպի իմ աշխարհը»,- խոստովանում է Տաթևը:

Մինչև Ալեքսանդր Սպենդիարյանը նվագախումբ ունենալու գաղափարը Հայաստանում ոչ մեկի մոտ չէր ծագել: «1920-ականների Երևանը նման էր ռոմանտիկ ժամանակաշրջանի Վայմարին, երբ սկսեցին գործել անվանի մշակութային գործիչներ: Հայաստանում այդ ռոմանտիկներից մեկը Ալեքսանդր Սպենդիարյանն էր: Նա մեծագույն նվիրումով եկավ Հայրենիք և ստեղծեց մշակութային լուրջ արժեքներ»,– գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանի բնութագրումն է առանձնացնում մեր հյուրը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը, և ավելացնում, որ այդ արժեքներից մեկը հայկական առաջին նվագախումբն էր։