Շաբաթ - 17:00
Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

Երերույքի տաճարը կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանը 4-5-րդ դարերի շինություն է՝ անտիկ ճարտարապետության տարրերով: Այն գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ: Տաճարի հարավային պատին հունարեն փորագրված է 92-րդ սաղմոսի հետևյալ խոսքը. «Սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր»:



Մաքենյաց վանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ Վանքի հիմնական եկեղեցին՝ Սբ Աստվածածինը, կառուցվել է 851 թ. իշխանուհի Մարիամի որդի Գրիգոր Սուփան իշխանի կողմից։ Մաքենյաց վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրթական կարևոր կենտրոններից։



Զմմառի Սբ Տիրամոր հայ կաթոլիկ վանքը հիմնվել է 1750-ին Լիբանանի Զմմառ (Բզոմմար) գյուղում հայ կաթոլիկ պատրիարք Հակոբ Պետրոս Բ-ի (1749-1753) օրոք։ Այն գործող վանք է, ունի հարուստ մատենադարան՝ 2000 ձեռագրով և 900 հայ հնատիպ գրքով։ Նրա մայր տաճարը կառուցվել է 1771-ին։ Վանքում գտնվում է Տիրամոր մի հին, հրաշագործ համարվող պատկեր, որն ամփոփելու համար 1940-ին կառուցվել է մատուռ։



Մորո Ձորո կամ Ծռվիզի վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին։ Հավանաբար կառուցվել է 5-7-րդ դարերում։ Իսկ Նոր Վարագավանքը գտնվում է նույն մարզի Վարագավան գյուղի մոտակայքում և հիմնվել է 12-րդ դարում Դավիթ Բ Կյուրիկյան թագավորի կողմից։



Այս վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ։ Կառուցվել է 7-րդ դարում Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կողմից։ Եղել է միջնադարյան Հայաստանի գրչության կենտրոն։ 1638 թ. Եղվարդ ներխուժած թուրքական զորքն այրել է վանքը, իսկ 1735 թ. Եղվարդի մոտ թուրք-պարսկական զորքերի ճակատամարտի հետևանքով Սբ Թեոդորոս վանքն ավերվել ու լքվել է։

