Շաբաթ - 17:00
Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

Անիի մայր տաճարը հիմնադրել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Տիեզերականը 989 թ.: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը:



Ակներ վանքը Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից էր: Այն գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն էր: Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին:



Երևանի Անանիա առաքյալի անապատի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հին Երևանի Շահար քաղաքամասի հյուսիսային կողմի այգեստանում: 17-րդ դարի առաջին քառորդում Մովսես վարդապետը` ապագա սբ. Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը, սուրբ Անանիայի գերեզմանի մատուռի շուրջ հիմնել է անապատ և կառուցել պարիսպներով շրջապատված համալիր:



Գանձասարի վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև 10-րդ դարը: Ներքին Խաչենի Հասան-Ջալալ Դոլա իշխանը 1216-1238 թվականներին կառուցել է Գանձասարի վանքի Սբ Յովհաննես Մկրտիչ եկեղեցին:



Տաթևի Մեծ անապատը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղից հարավ-արևելք, Որոտան գետի աջ ափին, Տաթև սարի ստորոտին: Այս համալիրը կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում լրացվել որոշ շինություններով:



Սաղմոսավանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում՝ Քասախ գետի աջ ափին, կիրճի եզրին: Ըստ ավանդության՝ վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը:



Գոշավանքը կամ Նոր Գետիկ վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին` Գետիկ գետի աջ ափին: Եղել է միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը Հայաստանում:

