Շաբաթ - 17:00
Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

«Թուխ Մանուկ» են կոչվում Հայաստանում տարածված բազմաթիվ մատուռանման փոքրիկ կառույցներ, որ սրբավայր են։ Դրանք կառուցված են հիմնականում բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։



Սբ Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի (այսօր՝ թաղամաս Իրանի Սպահան քաղաքի կազմում) ամենահին կառույցներից է։ Վանքի եկեղեցին հիմնվել է 1655 թվականին։ Նրա ներսը հարուստ է որմնանկարներով, որոնց հեղինակներն են Հովհաննես Մրքուզը, հայր Ստեփանոսը և վարպետ Մինասը։ Եկեղեցու խորանի տակ թաղված է Իրանի առաջին տպարանը հիմնադրած Խաչատուր Կեսարացին։



Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքը հիմնվել է Ժ դարում և գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ ձորալանջին՝ անտառի մեջ։ Վանքի տարածքում է գտնվում Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1221 թ. Մամիկոնյան Սարգիս իշխանի որդու՝ Մարզպանի կողմից։
Արդվիի Սուրբ Հովհաննեսի վանքը, որ հայտնի է նաև որպես Սրբանեսի վանք կամ Հովհան Օձնեցու վանք, հիմնվել է Ը դարում։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի մոտ։ Վանքի հյուսիսային եկեղեցում է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի տապանաքարը։



Վանքը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում՝ պատմական Նիգ գավառում` Թեղենիս լեռան լանջին։ Լեռն ու վանքն իրենց անունը ստացել են այդտեղ աճող թեղիներից։ Վանական համալիրի հնագույն կառույցը եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 6-7-րդ դարերում։



Որոտնավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սիսիանից մոտ 14 կմ արևելք։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս. Գրիգոր եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ հետագայում վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։

