«Հայելի» հաղորդաշարի նպատակն է արտացոլել այն երևույթները, իրավիճակները, մարդկային և հասարակական փոխհարաբերությունների հակասությունները, որոնք առաջին հայացքից գուցե հրատապ կամ կարևոր չեն երևում, սակայն, այդուհանդերձ, ազդում են նույն այդ փոխհարաբերությունների և մեր կյանքի որակի վրա:

Հիսուս Քրիստոսի Հարությունը չափազանց կարևոր խորհուրդ է, կարելի է ասել, ուղերձ՝ ուղղված յուրաքանչյուրին՝ անհաղորդ, անկենդան վիճակից կյանքին վերադառնալու առումով: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ Ավագ ուրբաթի և, առհասարակ, Քրիստոսի Հարության տոնին նվիրված ժողովրդական ծեսերի մասին:



Բնապահպանները հաշվարկել են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում օդին, ջրային համակարգին, հողային տարածքներին, բուսական և կենդանական աշխարհին հասցվելիք վնասի չափն անդառնալի է: Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս պնդումը հիմնավորում է կետ առ կետ:



Գրականագետ Անի Փաշայանը ներկայացնում է արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ Աղասի Այվազյանին, որին բոլորը ճանաչում են թերևս որպես «Եռանկյունի» և «Հայրիկ» ֆիլմերի սցենարի հեղինակի, սակայն նրա գրական ժառանգությանը, ցավոք, քչերն են ծանոթ:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նոր Հայաստանի արտաքին մարտահրավերների և այդ մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունների մասին:



Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական դաշտն ի՞նչ սրբագրումների անհրաժեշտություն է զգում: Մեր տաղավարում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն է:



Մշակութաբան, փիլիսոփա, էսսեիստ Ռուբեն Անգալադյանը՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի մշակութային ներկայության մասին:



Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքներն արդեն հրապարակել են իրենց ծրագրերը, սակայն, ինչպես քարոզարշավն է վկայում, այս անգամ ևս ընտրությունը լինելու է ոչ այնքան ծրագրերի, որքան անձանց միջև: Այս կարծիքին է քաղաքագետ Սարո Սարոյանը:



Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններն են: Բոլոր մասնակից կուսակցություններն ու դաշինքները մեկ հարցում համակարծիք են՝ ընտրությունների ֆավորիտը լինելու է «Իմ քայլը» դաշինքը: Մյուս ուժերը պայքարելու են երկրորդ և երրորդ տեղերի համար: Ի՞նչ հնարավորություններ ունեն մասնակիցները, ո՞ր ուժերն են հավակնում ընդդիմության դափնիներին: Մեր տաղավարում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն է:



Հայ-ֆրանսիական մշակութային ու քաղաքական առնչությունները չափազանց հետաքրքիր են: Դրանց պատմությանն ու հետաքրքիր դրվագներին է անդրադարձել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը:



Հայաստանը կկարողանա՞ գրագետ արտաքին քաղաքականություն վարել՝ համարժեք արձագանքելով արտաքին մարտահրավերներին: Այս և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել ենք արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:



Այս տարի ևս, նոյեմբերի 6-ից 10-ը, կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը (14-րդ): Այդ ընթացքում Երևանում և Հայաստանի մարզերում կցուցադրվեն մանկապատանեկան ֆիլմեր: Թե ինչ ֆիլմեր են ցուցադրվելու, ովքեր են լինելու ժյուրիի անդամները և շատ այլ հետաքրքիր մանրամասներ ներկայացնում է փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանը:



2011 թ.-ից սիրիական հակամարտության հետևանքով սիրիահայերի զանգվածային ներհոսքը Հայաստան պարզեց, որ Հայաստանը գործնականորեն պատրաստ չէ ապահովելու կազմակերպված ներգաղթ, ինչպես նաև համակարգված զբաղվելու ներգաղթյալների ինտեգրման խնդիրներով: Այս խնդիրներին է նվիրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակից Լուսինե Տանաջյանի «Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղղությունները» հետազոտությունը:



Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Ինչպե՞ս հաղթահարել դրանք: «Վիքիմեդիա - Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն իր փորձից գիտի, որ կրթության որակն ու փիլիսոփայությունը հնարավոր է փոխել և դա կարող է անել նաև Վիքիպեդիան: Հայկական Վիքիպեդիան հարստացնելով նոր հոդվածներով՝ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն ունեն ամեն օր աշխատելու իրենց գիտելիքների վրա՝ ինքնակրթվելով կրթել:



Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Մատենադարում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ըստ որոշ աղբյուրների՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի մասին ամենավաղ տվյալները վերաբերում են 4-րդ դարին: Երկու երկրների մշակութային ու քաղաքական կապերի մասին պատմում է ցուցահանդեսի հեղինակ, մաթեմատիկոս, հայագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանը:



Հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», ՀՅԴ, ընդունեցին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին, և ինքն առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ներկայացնում է այն վտանգները, որոնք կարող են հաջորդել այդ հրաժարականին:



Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ պետական համակարգում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն մարդկանց ուղեղում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Եվ այդ հեղափոխությունը պետք է ամրագրվի նաև ԱԺ-ի արագ լուծարմամբ:



Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: Անկախությունը Հայաստանը ձեռք բերեց ինքնաբերաբա՞ր, ԽՍՀՄ փլուզումից հետո, թե՞, այդուհանդերձ, դա դժվարությամբ ու մեծ զոհերով ձեռք բերված կարգավիճակ է: Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի հետ:



Վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարել էր Արցախի՝ բանակցային գործընթացի կողմ վերադառնալու անհրաժեշտության մասին: Այսօր բանակցություններ որպես այդպիսիք չկան: Ստատուս քվոն պահպանելու ռեսուրսը սպառվա՞ծ է, թե՞ ոչ: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։



Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են: Համապետական նշանակության նախորդ բոլոր ընտրությունները Հայաստանում կեղծվել են: Ինչպե՞ս կընթանան այս ընտրությունները, ընտրողները դարձյա՞լ կառաջնորդվեն ոչ թե թեկնածուների ծրագրերով, այլ քաղաքական համակրանքով կամ սոցիալական նպատակահարմարությամբ (ընտրակաշառքով)։ Մեր հյուրը քաղաքագետ Սարո Սարոյանն է:



Որքանով են հայկական ավանդույթները, կենցաղային մշակույթը առանձնահատուկ և որքանով են մյուս ազգերի ավանդույթներին ներդաշնակ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ ջանքերով ԱՄՆ-ում հունիսի 27-ից հուլիսի 8-ը ներկայացվեց հայկական կենցաղային մշակույթը: Մշակութային մարդաբաններ Ռուզաննա Ծատուրյանի և Աղասի Թադևոսյանի տպավորությունները չափազանց հետաքրքիր են:



Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու անգամ եղել էր ՌԴ-ում և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հուլիսի 11-12-ը նա մեկնեց Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանն ինքն այցը գնահատեց իբրև ճանաչողական: Ինչպե՞ս են գնահատել այն քաղաքական վերլուծաբանները: Մեր հյուրը Ռուբեն Մեհրաբյանն է:



Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ նոր իշխանությունները պետք է վեր դասեն ՀՀ քաղաքացու՝ իր հողի վրա առողջ ապրելու իրավունքը հանքարդյունաբերության միջոցով ակնկալվող եկամուտներից:



ՌԴ Պետդումայի պատգամավորների այցը Լելե Թեփե և հայտարարությունը, թե «ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է կառուցողական», ի՞նչ ուղերձ ունեին: Այս և այլ հարցեր ենք քննարկել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:



Հայաստանյան համաժողովրդական շարժման ալիքը հասավ Արցախ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե նա անվերապահորեն աջակցում է Արցախի իշխանություններին, ցույցերը դադարեցին: Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ հայաստանյան փոփոխությունների ալիքը վաղ թե ուշ կհասնի նաև Արցախ:

