Շաբաթ - 17:00, 03:00
«Հայելի» հաղորդաշարի նպատակն է արտացոլել այն երևույթները, իրավիճակները, մարդկային և հասարակական փոխհարաբերությունների հակասությունները, որոնք առաջին հայացքից գուցե հրատապ կամ կարևոր չեն երևում, սակայն, այդուհանդերձ, ազդում են նույն այդ փոխհարաբերությունների և մեր կյանքի որակի վրա:

Ոստիկաններով, փշալարերով շրջապատված ԱԺ շենքում ապրիլի 16-ին միաձայն քվեարկությամբ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունն իբրև վարչապետի: 2014-ի ապրիլի 10-ին Ս. Սարգսյանը հրապարակավ խոստացել էր չհավակնել վարչապետի պաշտոնին և ասել էր, որ մարդը երկրի կառավարման ղեկին իր կյանքում 2 անգամից ավել չպետք է լինի: Ս. Սարգսյանը դրժեց իր խոստումը: Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ անհնազանդության խաղաղ ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում և Հայաստանի մյուս քաղաքներում: Զրույց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ…



ՀՀ ԿԳՆ-ն կառավարության հաստատմանը ներկայացրել է նոր նախագիծ՝ խորհրդավոր «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության նոր ռազմավարություն» վերնագրով: Այս նախագծով ենթադրվում է պայքարել սովորողների «անդաստիարակության, թմրամոլության, սեռական այլասերվածության, օտար մշակույթներին հաղորդակից լինելու» և մահացու այլ մեղքերի դեմ: Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ռազմահայրենասիրական դաստիարակության վտանգների մասին:



Ապրիլյան պատերազմից 2 տարի անց իշխանությունները խոսում են քաղած դասերի, առաջնագիծն ամրապնդելու մասին, թեև տակավին ս.թ. մարտի 17-ին գլխավոր դատախազությունը դարձյալ քրեական գործ հարուցեց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ կոռուպցիայի մեղադրանքով: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ այս երկու տարում «քաղած դասերի» մասին….



Հիսուս Քրիստոսի Հարությունը չափազանց կարևոր խորհուրդ է, կարելի է ասել, ուղերձ՝ ուղղված յուրաքանչյուրին՝ անհաղորդ, անկենդան վիճակից կյանքին վերադառնալու առումով: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ Ավագ ուրբաթի և, առհասարակ, Քրիստոսի Հարության տոնին նվիրված ժողովրդական ծեսերի մասին:



Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ և դրա քաղաքական հետևանքները մեկնաբանում է արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:



Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը չափազանց սկզբունքային է համարում կառավարման խորհրդարանական կարգին անցնելուց հետո հռչակել Հայաստանի չորրորդ հանրապետության ծնունդը: Հիմնավորումները՝ զրույցում:



Հին Երևանի, խորհրդային շրջանի ճարտարապետական արժեք ունեցող շենքերը քանդելը տարերայի՞ն գործողություն է, թե՞ համակարգված:
Մեր հյուրն է արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանը:



«Հայաստանի ընդերքը ողջ ժողովրդի սեփականությունն է: 70 տոննա ոսկին, որը գնահատված է 3 միլիարդ դոլար, ՀՀ կառավարության համաձայնությամբ դուրս տանել երկրից՝ փոխարենն աշխատատեղեր ստեղծելով և պետբյուջե 498 միլիոն դոլար հարկ մուծելով… Չե՞ք կարծում, որ հասարակության և բնապահպանների տագնապները տեղին են»: Այս և Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված այլ հարցերի պատասխանում է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը:



Նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններից առաջ ռազմատենչ հայտարարություններ է անում: Նա սպառնացել է օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ Հայաստանին մեկուսացման մեջ պահելու առումով: Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում նման հայտարարություններին: Մեր հյուրն է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:



Հայաստանում առողջապահությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սա աշխարհի ամենացածր ցուցանիշներից է: Պետությունն ի վիճակի չէ լուծելու իր քաղաքացիների առողջապահական խնդիրները: Եվ այդ գործն իրենց վրա են վերցնում անհատներ ու բարեգործական խմբեր: «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն փետրվարի 18-ին՝ ժ. 16.00-ին, «Մեցցո» ակումբում կազմակերպում է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կուղղվի 7-ամյա Զարուհի Բալյանի բուժմանը:



Բնապահպանները հաշվարկել են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում օդին, ջրային համակարգին, հողային տարածքներին, բուսական և կենդանական աշխարհին հասցվելիք վնասի չափն անդառնալի է: Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս պնդումը հիմնավորում է կետ առ կետ:



ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կկարողանա՞ դառնալ ինքնուրույն խաղացող և համակարգի ներսում փոփոխություններ իրականացնել, թե՞ կլինի ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում: Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը էական փոփոխություններ չի սպասում:



Հեղինակ-կատարող, Հայաստանի Բարդերի ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանը՝ իր երգերի նոր՝ 7-րդ ալբոմի ու հեղինակային երգի առանձնահատկությունների մասին:



Աշխարհի ամենահարուստ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, 17 տարեկան է: Հայկական Վիքիպեդիան այսօր 237 000 հոդված ունի: Քչերը գիտեն, որ այդ հոդվածները գրող և կազմող մարդիկ այդ աշխատանքն անում են սեփական ոգեշնչվածության հաշվին, առանց վարձատրության, քանի որ Վիքիպեդիայի փիլիսոփայությունը հենց դա է՝ լավ, օգտակար գործ անել՝ կամավորության սկզբունքով: Մեր տաղավարում մարդիկ են, որոնք իրենց գիտելիքներն ու ժամանակը ներդնում են հայկական Վիքիպեդիան հարստացնելու գործում՝ Արամ Սողոմոնյան (2017 թ. լավագույն վիքիպեդիստ), Համեստ Մելիքյան (ֆիզիկոս, խմբագիր), Սուսաննա Մկրտչյան («Վիքիմեդիա-Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի նախագահ):



Դեկտեմբերի 28-ին իրանցիները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու թանկացումների դեմ: Կարճ ժամանակ անց ցուցարարները սկսեցին հակաիշխանական կոչեր հնչեցնել: Ոստիկանների և ցուցարարների բախումից 20-ից ավելի զոհեր եղան: Հայաստանը չափազանց զգայուն է արձագանքում Իրանում տեղի ունեցող ցնցումներին: Իսկ թե ինչու, պարզաբանում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Արմեն Իսրայելյանը:



Սուրբ Ծննդի թեման՝ գրականության ու երաժշտության մեջ: Հաղորդման հյուրերն են Դանիել Երաժիշտն ու գրականագետ Անի Փաշայանը:



«Լապտերներ» խմբի երեխաները շատ հարցեր ունեն մեծերին՝ ինչու չեն ապրում խաղաղ, ինչու են լավություն անում, բայց ջուրը չեն գցում, ինչու բոլորն առողջ ու երջանիկ չեն… Ամեն դեպքում, փոքրիկ ու շնորհալի այս երեխաներն իրենց կողմից ամեն ինչ անում են, որ աշխարհում ինչ-որ բան ավելի լավ լինի: Խմբի գեղարվեստական ղեկավար Էկա Հորստկան ու երեխաները՝ նախատոնական «Վեմում»:



Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանում փոփոխությունները հնարավոր են, եթե յուրաքանչյուրը փոփոխությունը սկսի հենց իրենից:



«Եթե Հայաստանն արդար, ուժեղ ու զարգացող պետություն լինի, կկարողանա դիմակայել արտաքին մարտահրավերներին». արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման, Հայաստան-Իսրայել հնարավոր համագործակցության և Հայաստանի դիվանագիտական պոտենցիալի մասին:



Հայկական գեղանկարչության հնարավորությունների, հայ նկարիչների՝ միջազգային ասպարեզում ներկայանալու բարդությունների և Մալևիչի «Սև քառակուսու» «գույների» մասին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ զրույցում:



Գյումրու «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը՝ Գյումրիում անցկացված Քանդակագործության միջազգային 3-րդ՝ «Վերելք» խորագրով գիտաժողովի ու երկրաշարժից 29 տարի անց տնակներում բնակվող մարդկանց խնդիրների մասին:



Լույս է տեսել պատմագիտության դոկտոր Կլոդ Արմեն Մութաֆյանի և Ֆրանսիայի ԱԳՆ քարտեզագրության բաժնի ղեկավար Էրիկ Վան Լովի «Հայաստանի պատմական ատլաս» աշխատության հայերեն թարգմանությունը: Մեր հյուրերն են քարտեզների այս բացառիկ ժողովածուի թարգմանության և հրատարակության նախաձեռնող, բ.գ.թ. Արմեն Բաղդասարյանը և պատմաբան, խորհրդատու, պ.գ.թ. Արմեն Խաչիկյանը:



Պատմաբան, մատենագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» և «Արիստակես Զարգարյան» աշխատությունները: Արգամ Այվազյանը՝ գրքերի, Նախիջևանի մասին իր անգին արխիվի մասին, որն, ի դեպ, պետությունը ձեռք բերել չի ցանկանում…



1920 թ. հոկտեմբերի 30-ին Կարսն ընկավ: 2017-ին ՀՀ նախագահի մակարդակով խոսում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին: Կարսի անկմանը հաջորդեց առաջին հանրապետության անկումը: Ի՞նչը կհաջորդի ազատագրված հողերի հնարավոր վերադարձին: Պատմաբան Խաչատուր Ստեփանյանի և լրագրող Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը:

