Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդումը նվիրված է հայ միջնադարյան երաժշտաբանաստեղծական արվեստին: Վերլուծվում են Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով ի ծով» և Հարություն Ալամդարյանի «Պարերգություն» տաղերը, դրանց մեղեդու և խոսքերի իմաստաբանությունը և ներդաշնակությունը: Տաղերը հնչում են Կոմիտասի անվան քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի կատարմամբ:



Հաղորդման երկրորդ մասում հեղինակը համեմատում է միաձայնության և բազմաձայնության հնարավորությունները, տարբեր աղբյուրների և իր դիտարկումների հիման վրա հաստատում այն փաստը, որ բազմաձայն երաժշտությունն ի զորու է առավել համակողմանի արտահայտելու մարդու ներաշխարհը, նրա փոխհարաբերությունները հասարակության, բնության և Արարչի հետ:



Հաղորդման առաջին մասը ներկայացնում է այն պատմական ուղին, որը միաձայն երաժշտությունն անցել է սկզբնավորումից մինչև բազմաձայնություն՝ պոլիֆոնիա և հոմոֆոնիա: Ընդգծվում է նաև Եկեղեցու վճռորոշ դերն այդ գործընթացում:



«Բացառիկ, անսպառ տաղանդ», — այսպես է բնութագրել Մայքլ Ռաբինին նրա ուսուցիչ Իվան Ղալամյանը: Հաղորդման հեղինակը պատմում է հրաշամանուկ Մայքլի կյանքի և գործունեության մասին, ներկայացնում ջութակահարի նվաճումները, նրա արվեստի յուրօրինակությունը, որի փայլուն դրսևորումներից է Չայկովսկու կոնցերտը, որ հնչում է հաղորդման ընթացքում։



Հաղորդումը ներկայացնում է Բախի 2-րդ պարտիտան՝ ջութակահար Նիկոլայ Մադոյանի «մարաթոնյան» մենահամերգից, որտեղ նա կատարել էր Բախի մենանվագ սոնատների և պարտիտաների շարքն ամբողջությամբ: Այս ելույթը Մադոյանի մենանվագային համերգաշարի հերթական օղակներից մեկն էր: Մինչ այդ նա կատարել էր հայ կոմպոզիտորների բոլոր հայտնի պիեսները, Բեթհովենի բոլոր 10 սոնատները և այլն:



Հաղորդման 1-ին մասը նվիրված է դասական ռոմանսի առաջնեկ՝ Մոցարտի «Մանուշակ» երգին, 2-րդ մասը՝ Շուբերտի «Գրետխենը ճախարակի մոտ» երգին: Երկու երգերն էլ գրված են Գյոթեի խոսքերով: Եթե «Մանուշակը» մի դրամատիկ տեսարան է, ապա «Գրետխենը»՝ ողբերգական: Երկու երգերն էլ նորարարական են, որտեղ գերիշխում են զուտ երաժշտության օրենքներն ու միջանցիկ զարգացումը, ինչը վառ կերպով արտահայտվում է նվագակցության մեջ: Երկուսն էլ կանխորոշեցին այս ժանրի հետագա զարգացումը:



Հաղորդումը նվիրված է 19-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի կյանքի և ստեղծագործական ուղուն: Կոմպոզիտորն իր արվեստում ամփոփել է այն նվաճումները, որոնք արևմտաեվրոպական երաժշտությունը ձեռք է բերել իր զարգացման 500 տարվա ընթացքում:



Հաղորդումը նվիրված է Մեծ պահքի շրջանի երգերին, որոնք կատարում է «Ակն» երգչախումբը՝ Արամ Քերովբյանի ղեկավարությամբ: Մեներգիչ՝ Հայր Վրթանես Ուլուհոճյան:



Հաղորդման 2-րդ մասում շարունակվում է կոնցերտի ձևի և բովանդակության վերլուծությունը, բացահայտվում են ազդեցությունները, խորհրդանիշները, վերծանվում է դրանց իմաստը: Հաղորդումն ավարտվում է կոնցերտի հեղինակային կատարման ձայնագրությամբ: Նվագակցում է Հալլեի օպերային թատրոնի (Opernhaus) նվագախումբը՝ Ռոլանդ Քլյուտիգի ղեկավարությամբ։



«Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի «կարապի երգն» է, Սվետլանա Նավասարդյանի բնորոշմամբ՝ այն «ոսկե վարդը, որը նա դրել է երաժշտության պատվանդանին»: Հաղորդման 1-ին մասում ներկայացվում է այն երաժշտական դաշտը, որտեղ բացվել է այդ «ոսկե վարդը»:



Հաղորդումը նվիրված է մեծանուն դիրիժոր, ուսուցիչ Միքայել Մալունցյանին։ «Միքայել Մալունցյանը մեծ էրուդիցիայի տեր երաժիշտ է և առաջնակարգ դիրիժոր», - ասել է Արամ Խաչատրյանը: Իսկ Ժան Տեր-Մերկերյանը խոստովանել է, որ «Միքայել Մալունցյանի հետ նվագելը երջանկություն է»։



Հաղորդումը նվիրված է Կոմիտասի՝ 137-րդ սաղմոսի հիման վրա գրած կանտատին, որը նա ստեղծել է Բեռլինի կոնսերվատորիայում ուսանելիս: Սաղմոսը նկարագրում է Բաբելոնում գերված հրեաների ողբերգությունը, ինչը համահունչ էր 1896 թ. Վանա կոտորածի գույժից ցնցված Կոմիտասի հոգեվիճակին:
Համ. դաս.



Հաղորդումը նվիրված է Ռ. Շտրաուսի «Սալոմե» օպերային, որն, ըստ Ռոմեն Ռոլանի, «հրեշավոր գլուխգործոց» է: Օպերայում արտացոլված են Հովհաննես Մկրտչի՝ Սալոմեի պահանջով և Հերովդես Չորրորդապետի հրամանով ի կատար ածված գլխատումը և հետագա իրադարձությունները:



Հաղորդումը լուսաբանում է Բախի այս ստեղծագործության գաղափարը, դրամատուրգիան, կառուցվածքը, ձևի բաղադրիչները և վերծանում խորհրդանիշները, ինչը նպաստում է պասիոնի առավել խոր ընկալմանը:



Հաղորդումը ներկայացնում է Բախի «Երգեհոնային գրքույկը»՝ հոգևոր երգերի բազմաձայն մշակումների ժողովածուն, որն, ըստ Ա. Շվայցերի, համայն երաժշտական աշխարհի մեծագույն նվաճումներից մեկն է, Բախի երաժշտական լեզվի բառարանը, նրա արվեստն ըմբռնելու բանալին։



Հաղորդումը լուսաբանում է Շիմանովսկու «Միթոսներ. երեք բանաստեղծություն ջութակի և դաշնամուրի համար» շարանվագը: Պիեսների ծրագիրը, սյուժեն քաղված է Օվիդիոսի «Մետամորֆոզներ» պոեմից: Արծարծվում են նաև բնությունն ու դիցաբանական կերպարները երաժշտության մեջ մարմնավորելու խնդիրները:



Հաղորդումը քննում է պարսկական պոեզիայի ազդեցությունն արևմտյան բանաստեղծական արվեստի վրա՝ ըստ Յոհան Գյոթեի «Արևմտաարևելյան դիվանի»։ Ներկայացվում են և վերլուծվում Հաֆեզի խոսքերով գրված՝ Ֆ. Շուբերտի և Յ. Բրամսի երգերը։ Կարևորվում է նաև արվեստի, մշակույթի առաքելությունը Արևելքի և Արևմուտքի հաշտեցման և ներդաշնակման գործում։



Հաղորդումը նվիրված է Ֆրեդերիկ Շոպենի կյանքին և ստեղծագործությանը: Այն անդրադառնում է նաև նրա արվեստի ողբերգականությանը, որն արտահայտվում է հայրենազուրկ արվեստագետի երկատված հոգու, կարոտակեզ սրտի ալեկոծումներով:



Հաղորդման 2-րդ մասը լուսաբանում է Հենդելի կյանքի և ստեղծագործության լոնդոնյան շրջանը, երբ տեղի ունեցավ նրա վերելքը օրատորիայի և օպերայի ժանրերում: Հաղորդումը շարունակում է զուգահեռները Հենդելի և Բախի միջև, նշվում է նաև Հենդելի ազդեցությունն այլ կոմպոզիտորների վրա:



Հաղորդման 1-ին մասը նվիրված է Հենդելի կյանքին և ստեղծագործությանը, նրա գործունեությանը Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, առաջին օպերաների և օրատորիաների ստեղծման շրջանին: Զուգահեռներ են անցկացվում Հենդելի և Բախի միջև:



Հաղորդումը նվիրված է «հրաշալի և ցնցող, ֆենոմենալ հնչյունային համակցությունների» (Ստրավինսկի) տիրակալ Ալբան Բերգի Ջութակի կոնցերտին:



Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Մոցարտի կյանքին և ստեղծագործությանը: Այստեղ մեջբերվում են նաև հատվածներ անվանի մոցարտագետների աշխատություններից, որոնք բացահայտում են հանճարի աշխարհայացքի, խառնվածքի, բնավորության առանձնահատկությունները, որոնք մարմնավորվել են նրա իսկ ստեղծած հերոսների կերպարներում:



Հաղորդման առաջին մասում Մոցարտը ներկայանում է որպես ազգային ինքնագիտակցության զարթոնքի մունետիկ, օպերային և այլ ժանրերի կարծրատիպերը «պայթեցնող» նորարար, որը դասական երաժշտության «էպիկենտրոնը» Իտալիայից տեղափոխեց Գերմանիա:



Հաղորդումը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Այն լուսաբանում է դիրիժորի բուռն գործունեությունը Հայաստանում և սփյուռքում, նրա դերը նվագախմբի մակարդակի բարձրացման և Հայաստանի միջազգային համբավին նպաստելու գործում:

