Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդման 2-րդ մասը լուսաբանում է Հենդելի կյանքի և ստեղծագործության լոնդոնյան շրջանը, երբ տեղի ունեցավ նրա վերելքը օրատորիայի և օպերայի ժանրերում: Հաղորդումը շարունակում է զուգահեռները Հենդելի և Բախի միջև, նշվում է նաև Հենդելի ազդեցությունն այլ կոմպոզիտորների վրա:



Հաղորդման 1-ին մասը նվիրված է Հենդելի կյանքին և ստեղծագործությանը, նրա գործունեությանը Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, առաջին օպերաների և օրատորիաների ստեղծման շրջանին: Զուգահեռներ են անցկացվում Հենդելի և Բախի միջև:



Հաղորդումը նվիրված է «հրաշալի և ցնցող, ֆենոմենալ հնչյունային համակցությունների» (Ստրավինսկի) տիրակալ Ալբան Բերգի Ջութակի կոնցերտին:



Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Մոցարտի կյանքին և ստեղծագործությանը: Այստեղ մեջբերվում են նաև հատվածներ անվանի մոցարտագետների աշխատություններից, որոնք բացահայտում են հանճարի աշխարհայացքի, խառնվածքի, բնավորության առանձնահատկությունները, որոնք մարմնավորվել են նրա իսկ ստեղծած հերոսների կերպարներում:



Հաղորդման առաջին մասում Մոցարտը ներկայանում է որպես ազգային ինքնագիտակցության զարթոնքի մունետիկ, օպերային և այլ ժանրերի կարծրատիպերը «պայթեցնող» նորարար, որը դասական երաժշտության «էպիկենտրոնը» Իտալիայից տեղափոխեց Գերմանիա:



Հաղորդումը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Այն լուսաբանում է դիրիժորի բուռն գործունեությունը Հայաստանում և սփյուռքում, նրա դերը նվագախմբի մակարդակի բարձրացման և Հայաստանի միջազգային համբավին նպաստելու գործում:



Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում աստվածաշնչյան մարգարեների և նոր ժամանակների արվեստագետների, բանաստեղծների ու փիլիսոփաների միջև, որոնց տեսիլքներում ու ստեղծագործություններում պատկերանում են համայն մարդկության ճակատագիրն ու ապագան:



Հաղորդման առաջին մասը արվեստագետին ներկայացնում է որպես մարգարե, որն ի վերուստ օժտված է Արարչի խոսքն ընկալելու և մարդկությանը փոխանցելու, աշխարհը սիրով միավորելու, ինչպես նաև կանխազգալու վերահաս աղետները և մարդկանց սթափեցնելու, վեհացնելու և դեպի երկինք, դեպի հավերժը հայացքն ուղղելու կարողություններով:



Հաղորդումը նկարագրում է օպերայի հերոսուհու սերը և ողբերգությունը,19-րդ դարի փարիզյան վերնախավի «պերճանքը և թշվառությունը»: Հընթացս ներկայացվում է լիբրետոյի մարմնավորումը համապատասխան երաժշտաձևերի միջոցով:



Հաղորդումը լուսաբանում է Սիբելիուսի ստեղծագործական հավատամքը, ըստ որի՝ երաժշտությունը կարող է հասնել առավելագույն ազդեցության, երբ ուղղորդվում է որևէ բանաստեղծական սյուժեով, ծրագրով, այլ խոսքով ասած՝ երբ երաժշտությունը միաձուլվում է պոեզիայի հետ:



Հաղորդումն անդրադառնում է Բրիտենի կենսագրությանը և ստեղծագործությանը՝ նորարարական օպերաներին, գործիքային երաժշտությանը, «Պատերազմական ռեքվիեմին»: Հիշատակվում են Բրիտենյան օրերը Երևանում, առնչությունները հայ արվեստագետների հետ, Դիլիջանում Բրիտենի ստեղծած պուշկինյան երգաշարը, խմբերգերը և այլն:



Հաղորդումը ուրվագծում է ավստրիացի հանճարեղ ջութակահար Ֆրից Կրայսլերի ստեղծագործական դիմանկարը, դիտարկում նրա առանձնահատկությունները ժամանակի մեծահամբավ ջութակահարների համապատկերում:



Հաղորդումը ներկայացնում է Դմիտրի Շոստակովիչի թիվ 14 սիմֆոնիան, որը նա արարել է Դիլիջանում: Մահերգության այս գլուխգործոցը գրված է Լորկայի, Ապոլիների, Կյուխելբեկերի և Ռիլկեի բանաստեղծությունների հիման վրա:



Հաղորդումը ներկայացնում է երաժշտական ռոմանտիզմի ու երգային սիմֆոնիզմի հիմնադիր Ֆրանց Շուբերտի ողբերգական կյանքը և ստեղծագործությունը:



Հաղորդումը նվիրված է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի արվեստին, որում օգտագործելով հայկական, չինական, ճապոնական, հնդկական և այլ ժողովուրդների երաժշտությունը, նվագարանները, պոեզիան՝ նա ստեղծել է իր ուրույն բազմաոճությունը:



Հաղորդումը ներկայացնում է կոմպոզիտորի սյուիտը, որը պատկերում է պաշարված Բաբելոնի վերջին թագավոր Բաղդասարի խրախճանքը, որտեղ Բաղդասարը հարճերի հետ միասին փառաբանում էր չաստվածներին՝ խմելով Երուսաղեմի թալանված տաճարից իր հոր՝ Նաբուգոդոնոսորի բերած ոսկե թասերից, երբ նույն գիշերը պարսկական զորքը ներխուժեց, կործանեց Բաբելոնը և սրբապիղծ թագավորին:



Հաղորդման 3-րդ մասը նվիրված է Օհան Դուրյանի կյանքի և գործունեության վերջին՝ հայաստանյան շրջանին՝ նրա ղեկավարած Ազգային օպերայի նվագախմբի, Ազգային ռադիոյի՝ Օհան Դուրյանի անվան (վերակազմավորված) սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի՝ Ստաս Նամինի հովանավորած սիմֆոնիկ նվագախմբի համերգներին:



Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Օհան Դուրյանի կյանքի և գործունեության երկրորդ (արտասահմանյան) շրջանին՝ տարբեր երկրներում տեղի ունեցած համերգներին:



Հաղորդման 1-ին մասը նվիրված է մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կյանքի և գործունեության առաջին շրջանին (1960-ականներ)՝ Հայաստանում և արտասահմանում կայացած համերգներին, որոնց գագաթնակետն էին Մոսկվայի Մեծ թատրոնում նրա ներկայացրած «Անուշ» օպերան, Լայպցիգի «Գեվանդհաուզ» նվագախմբի հետ կատարած Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, «Աիդա», «Լոհենգրին» և այլ օպերաները:



Հաղորդումը ներկայացնում է Ռիխարդ Վագների կյանքի ծանր օրերը, երբ նա, աղքատությունից հուսահատված, ելք էր փնտրում, նամակներով նյութական օգնություն խնդրում կոմսուհի Էդիտ ֆոն Ռադենից, որպեսզի կարողանար պահել ընտանիքը և ավարտին հասցնել իր ստեղծագործությունները:



Հաղորդումն անդրադառնում է «Տրուբադուր» օպերայի բովանդակությանը և զուգահեռ անցկացնում ժամանակի պատմական իրադարձությունների հետ:



Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի տաղանդավոր ջութակահարուհի, վաղամեռիկ Ժինետ Նևյոյին, որն իր կյանքի երեսուն տարիների ընթացքում հասցրեց նվաճել արվեստի բարձունքները, Վենյավսկու անվան միջազգային մրցույթի «թագը», գերել հազարավոր երաժշտասերների սրտերը և, ի վերջո, հաղթել մահին:



Հաղորդումը ներկայացնում է Կոմիտասի կյանքը և ստեղծագործությունը հայոց ցեղասպանության համատեքստում:



Կոմիտասի դաշնամուրային պարերը՝ Գրիգորի Սոկոլովի փարիզյան համերգում:
Հաղորդման երկու մասերում մանրամասն վերլուծվում են կատարված վեց պարերը, լուսաբանվում է դաշնակահարի յուրօրինակ մեկնաբանումը, ինչը նոր հորիզոններ է բացում Կոմիտասի «Պարերի» անսպառ տիեզերքում:

