Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդման ընթացքում Դանիել Երաժիշտն անդրադառնում է արվեստագիտության դոկտոր Մհեր Նավոյանի՝ հայ հոգևոր երգարվեստին նվիրված դասախոսությանը, որը տեղի է ունեցել «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգին:



Հաղորդումը ներկայացնում է Ժան Տեր- Մերկերյանին, որը հայ ջութակահարներից առաջինն է, որ արժանացել է միջազգային մրցույթի դափնեկրի կոչման:



Հաղորդումը նվիրված է Մեդեա Աբրահամյանին, որը հայ թավջութակահարներից առաջինն է, որ արժանացել է միջազգային մրցույթի դափնեկրի կոչման:



Հաղորդումը նվիրված է միջազգային մրցույթների առաջին հայ ֆագոտահար մասնակից Աշոտ Աբաջյանին:



Հաղորդումը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենի 4-րդ կվարտետին, որն արտահայտում է կոմպոզիտորի արվեստի հիմնական գաղափարներից մեկը՝ «խավարից դեպի լույս»։



Հրաշամանուկներին նվիրված հաղորդաշարի երրորդ մասը ներկայացնում է ջութակահարներ Յաշա Հայֆեցին, Յոզեֆ Սիգետիիին, երգեհոնահար Հելմուտ Վալխային, դաշնակահարներ Գրիգորի Սոկոլովին, Դիմիտրիս Սգուրոսին և այլ հրաշամանուկների:



Հրաշամանուկներին նվիրված հաղորդաշարի երկրորդ մասն անդրադառնում է դաշնակահարուհի Կատյա Նովիցկայայի, ջութակահար Ջոշուա Բելի, շախմատիստներ Հուդիթ, Սոֆյա և Սյուզան Պոլգարների նվաճումներին:



Հրաշամանուկներին նվիրված հաղորդաշարի առաջին մասը ներկայացնում է Կոմիտասի, ջութակահարներ Յեհուդի Մենուհինի և Ժինետ Նեվյոյի, երգիչներ Պետեր Շրայերի և Ռոբերտինո Լորետիի գեղարվեստական մեծագործությունները:



Հաղորդումը ներկայացնում է Դավթի սաղմոսների գիրքը։ Սաղմոսարանում ընդգրկված են 151 սաղմոսներ, որոնցից 150-ը կանոնական են, իսկ վերջինը՝ երկրորդականոն։ «Սաղմոսարանը» նշանակում է և սաղմոսների ժողովածու, և սաղմոսներ երգելու նվագարան։ Հաղորդման ընթացքում հնչում են համաշխարհային կոմպոզիտորների՝ սաղմոսների խոսքերի հիման վրա գրված ստեղծագործություններ:



Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում Մոցարտի «Մանուշակ» երգի և այլ կոմպոզիտորների համանուն երգերի միջև:



Հաղորդման 2-րդ մասում արծարծվում են «Երաժշտական ընծա» շարքի վերծանման և մեկնաբանման խնդիրները:



Հաղորդման 1-ին մասը նվիրված է «Երաժշտական ընծա» շարքի ստեղծման պատմությանը և գործիքավորման հարցերին:



Հաղորդումն անդրադառնում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Սայաթ-Նովայի ձեռքով ընդօրինակմանը և մեծ աշուղի պոեզիայի վրա «Մատյանի» ազդեցությանը։



Հաղորդման ընթացքում արծարծվում են երաժշտական և բանաստեղծական կերպարների համապատասխանության, նույնականության խնդիրները։



Հաղորդման 2-րդ մասում մեջբերվում են Շարլ Բոդլերի հիացական նամակը, պոետի հոդվածը, ինչպես նաև Վագների և Նիցշեի նամակներն ու մի դրվագ Բոդլերի «Չարի ծաղիկներից», որոնք մի քանի նրբագիծ ևս ավելացնում են Վագների ստեղծագործական դիմանկարին:



Հաղորդման առաջին մասը լուսաբանում է կոմպոզիտորի նորարարությունն օպերային արվեստում և դեպի Բայրոյթի թատրոնի բարձունքները տանող փշոտ ճանապարհը:



Հաղորդման 2-րդ մասում ներկայացվում է Ցիպրիան Նորվիդի «Շոպենի դաշնամուրը» պոեմը, որտեղ նա բնութագրում է Շոպենի կատարյալ արվեստը որպես մարտահրավեր՝ չարի մոլեգնող ուժերին։



Հաղորդման 1-ին մասում լուսաբանվում են Շոպենի կյանքի ու ճակատագրի վայրիվերումների ազդեցությունը նրա հայրենաբաղձ երաժշտության վրա և վերջինիս արձագանքը պոեզիայում։



Հաղորդման մեջ Ալբերտ Շվայցերը հանդես է գալիս որպես բժիշկ և խաղաղության ջատագով, որը մշակույթի զարգացումը դիտում է որպես պատերազմները կանխելու զորեղ միջոց։



Հաղորդումը ներկայացնում է Ալբերտ Շվայցերին որպես երգեհոնահար և անդրադառնում նրա գեղագիտական հայացքներին ու արվեստի տեսությանը։



Հաղորդումն արծարծում է, թե ինչպես ատոմային զենքի ստեղծման «երկաթի» դարաշրջանում մարդկության առջև ծառացած «լինել, թե չլինել» հարցի տագնապը ներխուժեց նաև արվեստի ոլորտ։



Հաղորդումը զուգահեռներ է անցկացնում տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների՝ Դավթի 129-րդ սաղմոսի հիման վրա գրած գործերի միջև։



Ներկայացվող զրույցում կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը և Դանիել Երաժիշտը արծարծում են կոմպոզիտորի և նրա արվեստի դերը մարդու և հասարակության զարգացման գործում:



Լսելով Չայկովսկու Ջութակի կոնցերտը Մայքլ Ռաբինի կատարմամբ՝ տեղափոխվում ես Եսենինյան Ռուսիա: Ռուսաստանում չապրել և այդքան ռուսերեն նվագել կարող էր միայն զգայուն, կերպարանափոխվելու շնորհով օժտված արվեստագետը: Հաղորդումը նվիրված է վաղամեռիկ՝ 35 տարեկանում աշխարհին հրաժեշտ տված ջութակահար Մայքլ Ռաբինին:

