«Ծնողական ժողով» հաղորդաշարի նպատակն է լայն հասարակությանը հնարավորություն տալ տեղեկանալու կրթության հիմնախնդիրներին, իրադարձություններին, ծրագրերին ու հեռանկարներին: Հաղորդաշարի նպատակն է երկխոսության հնարավորություն ստեղծել կրթության ոլորտի պաշտոնյայի, մանկավարժի և ծնողի միջև:

Համակարգիչը, նորագույն սարքերն ու համացանցը կուլ են տվել երեխաներին ու նրանց ողջ ազատ ժամանակը: Միևնույն ժամանակ շատ երեխաներ բարձունքներ են հաղթահարում ու հաջողություններ արձանագրում այդ նույն համակարգչի, համացանցի ու այդ դաշտում գիտելիքների շնորհիվ: Ինչպես համակարգել երեխաների գործունեությունը ՏՏ դաշտում, որպեսզի դրանից քաղեն օգուտ, գիտելիք, հմտություն, դարձնեն իրենց ապագան կառուցելու միջոց, այլ ոչ թե ունենան առողջության ու ժամանակի զուր կորուստ:
- Հյուր՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյան



Մեր երկրում երեխաների կյանքում այնքան բացթողում ու անելիք կա, այնքան խնդիրներ կան, որոնք էականորեն ազդում են երեխաների կյանքի որակի վրա, որ մեծ դաշտ է բացվում հասարակական ու միջազգային բազմաթիվ կառույցների գործունեության համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեր երկրում գործում է 1994 թվականից: Իսկ աշխարհում այն կա արդեն 70 տարի: Որոնք են մեր երկրում երեխաների կյանքի ամենազգայուն ու թույլ ոլորտները, ամենացցուն խնդիրներն ու իրատեսական լուծում-ճանապարհները:
- Հյուր՝ Զառա Սարգսյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար



Երբ ընտանիքում ավագներն ու կրտսերները սկսում են բախվել, մի չնչին անհամաձայնությունը դառնում է վեճ, որևէ լուրջ հարցում տարակարծությունը արտահայտվում է մեծի բարկությամբ ու պատանու նեղանալով, և փչանում է տան մթնոլորտը: Ինչ անել, երբ բոլորն իրենց ճիշտ են համարում՝ ծնողները մատնանշելով իրենց կենսափորձը, իմաստությունը, իսկ պատանիները՝ վստահ լինելով, որ ծնողները հետ են մնում ժամանակից:
Ինչպես օգնել երեխաներին հաղթահարելու կոնֆլիկտային փուլը՝ ձեռքբերումներով ունենալով:
- Զառա Բաբայան, հոգեբան



Մենք՝ ծնողներս, մի տեսակ հաշտվել ենք, որ տեղեկատվական սարքերից գլուխ հանելու հարցերում զիջում ենք մեր երեխաների իմացությանն ու կարողություններին: Բայց սա չի նշանակում, որ ծնողներս ոչինչ չունենք անելու: Ընդհակառակը՝ մենք կարիք ունենք է՛լ ավելի ուսումնասիրելու այն, ինչ մոտ է մեր երեխաներին ու միևնույն ժամանակ անհայտ ու անծանոթ է մեզ՝ ծնողներիս, և դրա վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ ստանալու:
- Հյուր՝ Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության մասնագետ



Որքան էլ դժգոհ լինենք, որքան էլ չվստահենք ներկայիս կրթահամակարգին ու ներքուստ կռիվ տանք դրա սխալների հետ, մենք մեր երեխաների կրթությունը դպրոցով ենք պատկերացնում: Ինչու ենք մենք՝ ծնողներս, դժգոհ դպրոցից ու ինչ ենք ուզում, որն է երազանքի դպրոցը՝ նախ՝ երեխայի համար, հետո՝ ուսուցչի ու ծնողի և իհարկե՝ հասարակության ու պետության համար՝ որպես գիտակից, զարգացած քաղաքացու դարբնոց:
- Սերոբ Խաչատրյան, ԵՊՀ դասախոս



Ծնողները, երեխայի ծնվելու իսկ պահից, վայելելով նրա լինելու բերկրանքը, երջանկություն ապրելով երեխայի մեծանալու ամեն մի փուլի հետ, միևնույն ժամանակ իրենց մտքում ու պատկերացումներում հյուսում-ձևավորում են լավագույն ու ամենապայծառ ապագան իրենց երեխայի համար: Ինչ դերակատարում ունեն ծնողները երեխայի ապագայի մեջ, որտեղ է սահմանը երեխային աջակցելու և նրա կյանքին միջամտելու, օգնելու և պարտադրելու միջև:
Զրույց երջանկության, հաջողության, ճակատագրի, ապագայի ու ապրելու արվեստի մասին:
- Զառա Բաբայան, հոգեբան



Այսօրվա ծնողներն իրենց մանկությունից հիշում են ծնողների կողմից ստացած սիրո բավականին զուսպ, երբեմն նույնիսկ ժուժկալ դրսևորումներ: Մինչդեռ իրենք, դառնալով ծնող, արդեն այլ կերպ են դրսևորում իրենց ծնողական զգացմունքները՝ երեխաներին պարուրում սիրո, քնքշանքի, հիացմունքի ու մեծարման զանազան արտահայտումներով։
Ինչպես ճիշտ սիրել երեխային կամ մայրական սիրո ավելցուկի վնասները:
- Նարինե Աբրահամյան-Թովմասյան, հոգեբան



Հեքիաթները մանկության ամենազորեղ ազդեցություններից են: Այդ ինչ գաղտնագրություն, սիմվոլիկա կա թաքնված հեքիաթներում, որոնք, ստեղծված լինելով հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ ասելիք ունեն մեզ: Ինչպես կարող են օգնել կախարդական, հրաշապատում հեքիաթները մեզ՝ ժամանակակից աշխարհի մարդկանց՝ իմաստալից, առողջ, սիրուն, ներդաշնակ կյանք ունենալու համար:
- Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս



Աշխարհի ստեղծման օրից կան բարին ու չարը, դրանց պայքարը շարունակվում է մինչ օրս: Սերունդներ են գալիս ու անցնում բարու ու չարի այդ պայքարով, և յուրաքանչյուր մարդ իր բաժին պայքարում սովորել է ապրել: Հեքիաթներն այն ուղեցույցն են, թե ինչպես մղես քո բաժին պայքարը, ինչպես ճիշտ ու արդյունավետ ապրես ու չկորցնես ինքդ քեզ կյանքի մարդակերների, վհուկների, փերիների ու հրաշքների արանքում:
- Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս



Ծնողները իրենց առօրյա պարզ գործողություններում, երեխայի հետ ամենասովորական զրույցում, նրա հարցերին պատասխանելիս ակամա դառնում են նոր մարդու համար աշխարհի բացահայտման ու ճանաչողության առանցքը: Հետո գալիս է այն փուլը, երբ նոր մարդու կյանքում ծնողների միջոցով ձևավորվում են արժեքներ, սկզբունքներ, պատկերացումներ, վերաբերմունք ամեն կարեւորի հանդեպ: Ինչպես երեխային իր կյանքի նորամուտից առաջ տալ առողջ, զարգացնող նախադրյալներ՝ երջանիկ կյանք կառուցելու համար:
- հյուր` Հրաչյա Ամիրյան, հոգեբան



Երբ մանկության ու պատանեկության կարևոր փուլը հանկարծ ուղեկցվում է որևէ լուրջ սխալով, սայթաքումով, չգիտակցված արարքով երեխայի կողմից, ինչպե՞ս է դա անդրադառնում նրա ապագայի, հետագա կյանքի վրա. ինչ է տեղի ունենում, երբ երեխան իր արարքի հետևանքով բախվում է հասարակության նորմերի, օրենքների, արդարադատության հետ… Երևույթի պատճառները, միջավայրի ազդեցությունները, ճիշտ ու սխալ արձագանքները…
- Աննա Սարգսյան, հոգեբան, իրավագետ-մանկավարժ



Որքան զարգանում ու առաջընթաց է ապրում մարդկությունը՝ ամենատարբեր ասպարեզներում արձանագրելով ընդհուպ մինչև անհնարին նվաճումներ, այնքան ավելի հրատապ են դառնում մարդու՝ բնության ու իր մոլորակի հետ ներդաշնակ ապրելու խնդիրը և բնապահպանական կրթության անհրաժեշտությունը:
- ԿԳՆ ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի պետ, բնապահպանական կրթության փորձագետ Մելանյա Դավթյան, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Հովսեփյան



Երբ մարդու ներսում ամեն ինչ խաղաղ է ու ներդաշնակ, դա ներդաշնակություն է բերում նաև արտաքին կյանքում ու հարաբերություններում: Մարդկանց հոգեբանական խնդիրները լուծելու համար հոգեբանները զանազան միջոցներ ունեն. դրանցից մեկը, օրինակ, արվեստի ներգործությունն է: Նկարչության, հեքիաթի, ավազի կամ երաժշտության բարերար ազդեցությունից բացի՝ կա նաև «պարաշարժողական թերապիա» կոչվող միջոցը: Ինչ է դա, ինչպես է ներգործում, որ դեպքերում…
- հյուր՝ Վերժինե Տեր-Գասպարյան, կլինիկական հոգեբան



Եթե երեխան չի ընդունվում իր հասակակիցների կողմից, եթե ենթարկվում է ճնշումների, եթե թիրախ է ծաղրի ու հեգնանքի, ծնողները գուցե կասեն՝ դեռ այնքա՜ն լավ, իսկական ընկերներ կհանդիպես հետագա կյանքիդ ընթացքում: Բայց դա խնդրի լուծում չէ: Դրա հետեւանքները թե՛ ճնշողի, թե՛ ճնշվողի դեպքում հետքեր են թողնում ոչ միայն նրանց ներկայում, այլև ողջ հետագա կյանքում:
- «Նագաշյան մանուկների տուն» կենտրոնի և Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյան



Մենք ջանում ենք երեխաների մեջ առողջ սովորություններ սերմանել նրանց ծնված օրվանից: Դրա հետ մեկտեղ պայքարում ենք վատ սովորությունների դեմ, որոնք կարող են աստիճանաբար վերաճել կախվածության, և արդեն կախվածությունն ինքն է սկսում ղեկավարել մարդու օրը, մտքերը, գործողությունները, երբեմն՝ կյանքը: Սովորություններ դաստիարակել հիմնականում կարողանում ենք, իսկ վատ սովորություններից հետ վարժվել կամ առավել ևս՝ կախվածությունից ազատվել հեշտ չէ:
- Հյուր` Արման Բեգոյան, հոգեբան, հոգեթերապևտ, «Հիլֆման» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ



«Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը արդեն 2 տարի է՝ գյուղական դպրոցներին ապահովում է երիտասարդ, ներուժով, գիտելիքով զինված մասնագետներով, ովքեր որոշում են իրենց կարողությունները գոնե 2 տարով նվիրել գյուղական դպրոցներին: Ովքեր են նրանք, ինչ են փնտրում ու ինչ են փոխում թե՛ իրենց կյանքում, թե՛ այն միջավայրում, որտեղ հայտնվում են:
- «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի աջակցման և վերապատրաստման բաժնի տնօրեն Անուշ Կոստանյան
- Հավաքագրման և ընտրությունների բաժնի տնօրեն Թենի Ավագյան



Կրթության ոլորտում ամեն ցուցանիշի ու ամեն գործողության հետևում կանգնած է երեխան, կանգնած են սերունդն ու այն ապագան, որը այսօր ենք կերտում՝ մեր ջանքերի ու մեր բացթողումների արդյունքում:
Տարեսկզբին կայացած Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հրապարակված են աշխարհի տարբեր երկրների և մեր կրթության ոլորտի նոր ցուցանիշները. հրապարակված զեկույցում հետաքրքիր, մտահոգիչ շատ բան կա մեզ համար, ուրախալի՝ շատ քիչ: Այդ թվերի վերլուծությունը, մեկնաբանությունը պարզ ու տեսանելի են դարձնում մեր խնդիրները աշխարհի հետ համեմատության մեջ և ցույց տալիս հնարավոր լուծումներն ու մեր անելիքները:
- Սերոբ Խաչատրյան, ԵՊՀ դասախոս



Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեզ՝ մեծերիս, մեր մանկության հետ կապող տոներն են: Եվ այդ կապը տեղի է ունենում մեր հուշերի ու մեր երեխաների օգնությամբ: Երեխաներն իրենց հուզախառն, սպասումներով ու թրթիռով լի խոսքով մեզ տանում են մեր մանկություն ու միևնույն ժամանակ հաղորդակից դարձնում իրենց գունեղ երազանքներին ու տոնի հետ կապված սպասումներին: Մեծե՛ր, բաց մի՛ թողեք դեպի մանկություն տանող լուսավոր թելերը...



Նոր տարին մեր տոնացույցի ու մեր կյանքի գլխավոր տոնն է՝ երեխաների սիրելի տոնը, ամենատարածվածն ու ամենաերկարը: Եվ որքան անելիք ու սպասում կա՝ կապված նոր տարվա հետ… Բայց այդ ամենում տոնից ավելի շատ հոգս կա, այդ ամենում բացակայում են տոնն ու տոնական զգացողությունները: Ինչպես ուրախանալ և ուրախացնել երեխաներին տոն օրերին:
- Հյուր՝ Նարինե Թովմասյան, հոգեբան



Կյանքը լի է ընտանիքին ուղղված հարվածներով, որոնցից տուժում են երեխաները: Ծնողազուրկ, անօթևան կամ սոցիալական պատճառներով փողոցում հայտնված երեխաները հաճախ մնում են հասարակության, բարերարների, հասարակական կազմակերպությունների հույսին: Եվ նրանք հոգ են տանում երեխաներին՝ ոչ թե նրանց կտրելով ու հեռացնելով ընտանիքից, այլ ամրացնելով ընտանիքի հետ կապն ու ի վերջո վերադարձնելով նրանց ընտանիք ու նորմալ կյանքի:
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի «Մեր հույս» ծրագրի ղեկավար Նունե Գեղամյան



Բոլոր նորմալ ծնողներն իրենց երեխայի կյանքում արված ամենալուրջ ներդրումը համարում են այն, որն արված է կրթության մեջ: Եվ իրենց ամենամեծ ջանքերն ուղղում են այստեղ: Կրթությունը մեզանից ջանքեր, ժամանակ, ֆինանս, նյարդեր է տանում: Իսկ ինչ ենք ստանում մենք այս ամենի դիմաց, ինչ է ստանում երեխան որպես իր կյանքի հիմք, ինչ է ստանում ծնողը, որ հանգիստ լինի իր երեխայի ապագայի համար: Արդյո՞ք կրթության շնորհիվ մեր երեխաները կդառնան կայացած, ինքնաբավ, երջանիկ մարդիկ՝ պատրաստ այս կյանքի մարտահրավերներին:
- Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս



Միայն վերջին տարիներին մեր հասարակությունն իմացավ, որ երեխաներին դաստիարակելու իր բավականին «անմեղ» շատ մեթոդներ իրականում հենց հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն են երեխայի հանդեպ: Քիչ չեն այն դեպքերը, երբ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունենում մեր քաղաքում, մեր երկրում, մեր հայրենակիցների իրագործմամբ՝ սեփական երեխաների կամ այլ երեխաների հանդեպ: Ինչ է ասում վիճակագրությունը, ինչ են եզրակացնում մասնագետները, պաշտպանության ու կանխարգելման ինչ մեխանիզմներ են գործում: Երեխաներին մեծահասակնե՛րը պետք է պաշտպանեն, քանի որ երեխան բռնությունից ինքն իրեն պաշտպանել չի կարող:
- հյուր՝ Զարուհի Հովհաննիսյան, հրապարակախոս, իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող



Ընտանիքով և ընտանիքում է երեխան տեսնում ու բացահայտում իրեն դեռևս անծանոթ մեծ աշխարհը։ Եթե ընտանիքում նրան հանդիպում են սերը, անկեղծությունը, հոգատարությունը, նա այդ ամենն է հավաքում որպես հոգևոր պաշար ու դրանցով է կյանք մտնում՝ ինքն էլ դառնալով այդ ամենի կրողը, շարունակողը, փոխանցողը: Եթե նրան հանդիպում են կեղծը, անտարբերությունը, ագրեսիան, դրանք էլ դառնում են աշխարհի հետ հաղորդակցվելու, ապրելու ճանապարհ: Ով ի՛նչ դերակատարում ունի այս բարդ ու պատասխանատու գործում, ի՛նչ անելիք ունեն ընտանիքի անդամները, անբարենպաստ ընտանիքում երեխային ի՛նչ է սպառնում:
հյուր
- Նարինե Աբրահամյան-Թովմասյան, հոգեբան



«Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամն այն արմատն ու հիմքն են, որոնց վրա ստեղծվել է «Այբ» դպրոցը, հետագայում՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը, բազմաթիվ կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ: Երբ դրվում էին «Այբ» դպրոցի հիմքերը, հիմնադիրներն այն ներկայացնում էին որպես աշխարհում հայկական կրթական բրենդ. ««Այբ»-ից դուրս եկած սերունդը ոչ միայն մասնագիտական հզոր բարձունքներ կարող է նվաճել, այլև իր գիտելիքով ու կարողություններով հայտնվելու է համաշխարհային զարգացումների կիզակետում»:
Ինչ ցույց տվեց անցած ճանապարհը. ինչը կայացավ գաղափարին ու տեսլականին համապատասխան, ինչպիսին է ապագայի դպրոցը, որին մոտ է ժամանակակից աշխարհը, որին արժանի է նաև ժամանակակից հայ սերունդը:
- «Այբ» կրթական հիմադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյան, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյան

