Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտ. արշավախմբերը արտերկրի իրենց գործընկերների հետ, արդեն քանի տարի, Վայոց ձորում՝ Արենիում, և Կոտայքի մարզում՝ «Նոր Գեղի 1» քարեդարյան կայանում, պեղումներ են կատարում: Նրանց հայտնաբերած մի քանի գտածոների մասին արդեն հրապարակումներ են եղել արտերկրի գիտական հեղինակավոր պարբերականներում: Նոր Գեղի հնավայրում հայտնաբերել են մոտ 325–330 հզ. տարվա վաղեմության աշխատանքի քարե գործիքներ, այսինքն՝ նախամարդու պատրաստած իրեր: Գտածոները բացառիկ հնարավորություն են տալիս համաշխարհային գիտության մեջ կոտրելու հին կարծրատիպեր:
- Բորիս Գասպարյան



Մեր մշակութային-գաղափարական պարտությունների և հոգևոր ձևախեղումների մասին հաճախ ենք խոսում նույնիսկ կենցաղային թվացող թեմաներով զրույցներում, որովհետև մեզ սպառնացող վտանգը վաղուց այլասերել է մեր գոյափիլիսոփայությունը՝ բոլոր առումներով: Մեր հանրությունը կարծես սա չի էլ զգում առօրյայում. այնքա՜ն է կքած տարբեր հոգսերի տակ, որ հանապազօրյա հաց վաստակելն է այժմ նրա գերխնդիրը. նա, մի տեսակ, ժամանակ չունի իր ապագայի մասին մտածելու… Նա չի էլ մտածում, որ հրաժարվել է հոգենորոգության իր ազգային ծեսից…
- Սաթենիկ Ավետիսյան



Անկախության տարիներին մեր գիտակրթական համակարգը (նույնը կարելի է ասել մյուս ոլորտների մասին), մեղմ ասած, հայտնվել է լաբորատորիայի փորձակենդանու կարգավիճակում, և հասկանալի չէ, թե երբ են ավարտվելու «բարեփոխումները»: Մեր գիտակրթական ոլորտում անհապաղ լուծման կարոտ բազում թերություններ ու հիմնախնդիրներ կան, որոնց անընդհատ ավելանում են նորերը: Մեր եթերից տարիներ շարունակ խոսել ենք այդ մասին, զրուցել ոլորտի լավագույն մասնագետների հետ, որոնք առաջարկել և այսօր էլ առաջարկում են լուծումներ: Սակայն համակարգի պատասխանատուները հաճախ ոչ գիտական վերաբերմունք են ցուցաբերում այս հարցերին:
- Աշոտ Մելքոնյան
- Էդուարդ Ղազարյան



Սովետական հասարակարգում բացակա որոշ ոլորտներ այսօր բավական դժվարությամբ են կայանում: Օրինակ՝ բնապահպանությունը: Իհարկե, կայսրության հոգեվարքի տարիներին արդեն ձևավորվում էին բնապահպանական շարժումներ: Մասնագետներն ահազանգում էին մարդու առողջությունն ու նրա կենսամիջավայրը վտանգող երևույթների մասին, քննադատում կենտրոնական իշխանություններին, որովհետև ամեն ինչ այնտեղ էր որոշվում: Սակայն ցավալի է, բայց փաստ, որ անկախությունից հետո մենք առավել հրեշավոր ձևերով և չափերով սկսեցինք ավերել մեր բնությունը, երկիրը. ասես ուրիշի՝ օտարի հայրենիքի նկատմամբ է ձևավորվել ու արմատավորվել սպառողական այդ անհագուրդ վերաբերմունքը:
- Հակոբ Սանասարյան



Ամեն անգամ Լեռ Կամսարի մասին մեր հերթական հաղորդումից կամ նրա մասին Վանուհի Թովմասյանի՝ այլ կամ այն լրատվամիջոցում ելույթից հետո առաջացած հետաքրքրասիրության ալիքը հորձանք է տալիս հատկապես երիտասարդության շրջանում, ինչն անչափ ուրախալի է:
Ընթերցողի սեղանին է Լեռ Կամսարի հերթական՝ «Չապրած օրեր» ժողովածուն, որը շահեկանորեն տարբերվում է մյուսներից թե՛ Գևորգ Մշեցու ձևավորումով, թե՛ Արմեն Քեշիշյանի ծանոթագրություններով: Շնորհակալություն նաև Հայկ Խեմչյանին՝ հատորը բավական բծախնդրորեն խմբագրելու և սրբագրելու համար:
- Արմեն Քեշիշյան



Հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է Համշենի՝ որպես հայկական երկրամասի, մասնավորապես համշենահայության իսլամացման մեթոդների ու ընթացքի պատմությունը: Տեղանունների թրքացումը կամ աղավաղումը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար. թուրքերը հետևողական քաղաքականություն են վարել այս հարցում՝ դեռ օսմանյան շրջանից:
Համշենում բավական թվով աթեիստներ՝ մահմեդական մարքսիստներ կան: Բոլորն իրենց թուրք են անվանում, չնայած որ նրանց մանրատեղանուններում, կենցաղում, ավանդական երգ ու պարում պահպանվել են հայկական ոճը, հիմքը, հատկապես՝ արմատական բառերը:
- Լուսինե Սահակյան



Հայ-օսմանական առնչությունները ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գերակա ուղղություններից է: Հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան. գոյություն ունի հայ-թուրքական հակամարտություն, այսինքն՝ հարաբերությունները թշնամական են:
Թվում է, թե բաժինը զբաղված է սոսկ գիտական աշխատանքով, բայց այն առավելապես քաղաքական է, որովհետև պատմականորեն չլուծված քաղաքական և իրավական խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, իսկ վերջինս ոչ միայն տրամադրված չէ այդ հիմնահարցերի լուծմանը, այլև ի սկզբանե որդեգրել է մերժողական՝ ժխտողական քաղաքականություն:
- Լուսինե Սահակյան



Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի «Ժամանակ x Ժամանակ x Ժամանակ» կոլաժների խորհրդանշական ցուցահանդեսում ամենատպավորիչը հեղինակի մտածողությունն էր: Ողջ կոմպոզիցիան հիմնված է խորհրդանիշների վրա՝ աթոռներ, հաշվապահական հատիկավոր հաշվիչներ, ժամացույցներ, կշեռքներ, դրամներ, նաև շախմատ, այսինքն՝ աթոռ և չափ ու հաշվարկ, այսինքն՝ աթոռակռիվ՝ աթոռին տանող քայլերը հաշվել-հաշվարկելու հոգեբանական մտագալարումներ, շախմատային կոմբինացիաներ… Մի խոսքով՝ աթոռակռիվ՝ «Մի՛ նստիր» հրահանգի ներքո՝ որպես «11-րդ պատվիրան», որպես ահազանգ՝ մեզ զգոն պահելու համար…



Հայաստանի ազգային արխիվի կազմած և հրատարակած «Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարության նիստերի արձանագրություններ. 1918-1920 թթ.» ժողովածուն եզակի խճանկար է կարճ ժամանակ գոյատևած պետության կայացման, նրա ներքաղաքական կյանքի, նաև վարած արտաքին քաղաքականության: Այն համահավաք կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի առաջին հանրապետության պատմությունն ուսումնասիրողների համար:
- Ամատունի Վիրաբյան



Հայ-քրդական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն, թերևս Տիգրան Մեծի ժամանակներից: Քրդերը, սակայն, ցայսօր անկախ պետություն չեն ունեցել: Չեն ստեղծել նաև քաղաքակրթություն: Այդ էթնոսի բազմամիլիոնանոց զանգվածները բավական նպատակամետ պայքարում են իրենց անկախության համար: Իհարկե, դյուրին չէ այդ պայքարը: Այն առավել դաժան ու արյունոտ է Թուրքիայում: Համոզված եմ, որ վաղ թե ուշ քրդերը կհասնեն իրենց նպատակին: Սակայն հայերիս համար հարցերի հարցն այն է, թե որտեղ, հատկապես ի՛նչ տարածքում կստեղծվի նրանց պետականությունը…
- Վահրամ Պետրոսյան



Հովհաննես Թումանյանի թանգարանը և ԵՊՀ-ն վերջին տարիներին համագործակցում են մի շատ ուշագրավ նախագծի շրջանակում. համատեղ հրատարակում են «Հասկեր» տարեգիրքը, որտեղ ամփոփված նյութերը վերաբերում են մանկական գրականության և բանահյուսության ուսումնասիրությանը: Նախագծի հեղինակը Հ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, «Զանգակ» հրատարակչության մանկական գրականության բաժնի գլխավոր խմբագիր, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանն է:
- Ալվարդ Ջիվանյան



Սեպտեմբերին Մոսկվայում և Գյումրիում տեղի ունեցան միջազգային երկու գիտաժողովներ:
«Հայկական սփյուռքը և հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և արդիականություն» խորագրով մոսկովյան գիտաժողովին մասնակցել են աշխարհի 16 երկրի ավելի քան 100 հայագետներ և հարակից ճյուղերի մասնագետներ: Այն խոստումնալից էր հայագիտության զարգացման տեսանկյունից:
Գյումրիում հրավիրված «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցերը» խորագրով գիտաժողովը կարևոր էր նրանով, որ մասնակիցների զգալի մասը նոր սերնդի ներկայացուցիչներ էին:
- Աշոտ Մելքոնյան



Այս գործչի կենսագրությունն ուշագրավ է հենց մանկությունից` դառն ու տտիպ աղքատություն, ծայրահեղ չքավորություն, ինչպես իր բազմաթիվ ժամանակակիցներինը, ու նաև եղերական վախճան: Այնուամենայնիվ, լավ կրթություն է ստացել, թեև ո՛չ կատարյալ, և ծավալել ազգօգուտ գործունեություն: Հեղինակ է մի շարք բանասիրական ուսումնասիրությունների, ազգագրական հիմնարար աշխատության, հայոց լեզվի ու պատմության դասագրքերի:
- Վահե Սարգսյան



Գիտությունը սկզբունքային և հայեցակարգված մոտեցում է պահանջում իր ուսումնասիրության նյութի նկատմամբ: Այս չափորոշիչներից շեղումը վնասում է գիտությանը, որի սխալները ժամանակի ընթացքում կարելի է սրբագրել, սակայն կործանարար է գիտնականի վարկանիշի համար: Գիտությունը գիտակցաբար նենգափոխողն արդեն չգիտնական է:
- Ռուբեն Գալչյան



Պատմաբան Գևորգ Յազըճյանը կազմել և հրատարակել է «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» ժողովածուն, որն ընդգրկում է ՀՅԴ-ին, ՀԱՀԳԲ-ին, ՀԺՇ-ին, ՍԴՀԿ-ին և ՌԱԿ-ին վերաբերող կարևոր վավերագրեր:
Դիվանագիտության քողի տակ աշխարհով մեկ գործում էր սովետական հետախուզությունը: Արտերկրում սովետական բազմաբնույթ կառույցների աշխատակիցները պարբերաբար զեկուցագրեր ու հաշվետվություններ էին ներկայացնում Մոսկվայի իրենց վերադասին: Դրանց կրկնօրինակներն ուղարկվում էին Երևան, որպեսզի հանրապետության կոմկուսի ղեկավարությունն իրազեկվեր հայկական գաղութներ ունեցող երկրներում տեղի ունեցող ներքին խմորումների մասին:
- Գևորգ Յազըճյան



Վահագն Սարգսյանը կազմել ու հրատարակել է իր հոր` Մկրտիչ Սարգսյանի «Նամականին»՝ առաջաբանով և անչափ կարևոր ծավալուն ծանոթագրություններով՝ ընթերցողներիս համար հրապարակ բերելով աղբյուրագիտական նշանակություն ունեցող նորանոր մանրամասներ:
Մկրտիչ Սարգսյանի, ինչպես նաև նրան գրած օտար հեղինակների ու թարգմանիչների նամակներում կարևորվում է մարդկայինը, դրանով իսկ՝ համամարդկայինը: Ա՛յս կերպ են իսկական արվեստագետներն ու մշակույթի գործիչները կոմունիստական գաղափարախոսության պայմաններում ստեղծել ազգային, այսինքն՝ համամարդկային արժեքներ…
- Վահագն Սարգսյան



Իր կյանքի հատկապես վերջին 10 տարում Թումանյանը տապակվում էր անասելի ցավի մեջ: Խառնվել էին բանաստեղծի անձնական ու ազգային վշտերը: Նրա հոգում ալեկոծությունները չէին ավարտվում, ավելին, մի փոթորկին հաջորդում էր մյուսը՝ հնարավորություն չտալով բանաստեղծին դուրս գալու հայոց մեծ ցավի օվկիանից… Մեր ժողովրդին պատուհասած աննախադեպ ողբերգությունն ու եղերական ճակատագիրը խլել էին նրա քունն ու հանգիստը:
Թվում է, թե ոչինչ չի փոխվել Հայկական հարցում այդ ժամանակներից ի վեր. Հայկական հարցի լուծումը մնացել է նույն կետում: Թումանյանի՝ այդ շրջանի գրվածքներում ամենալուսավորը, եթե կարելի է այդպես ասել, բանաստեղծի աներեր հավատն է իր ժողովրդի ապագայի հանդեպ...
- Անի Եղիազարյան



Սիմոն Սիմոնյան անունն անանց արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել 1970-ական թթ.-ին արտերկրում սկզբնավորված հայ ազգային-ազատագրական զինյալ պայքարի գաղափարախոսությունը: Սիմոն Սիմոնյանը և Գևորգ Աճեմյանը գաղափարակիցներ էին: Այս պարագայում կարևորը նրանց գաղափարական ելակետն էր, ստեղծած արժեքները, որոնք, Գուրգեն Յանիկյանի կրակոցների հանգույն, միտված էին Հայկական հարցը թմբիրից հանելուն: Գարեգին Նժդեհից ու Հայկ Ասատրյանից շուրջ կես դար անց հայությանն անվերապահ ուծացումից և ձուլումից սթափեցնող շարժում սկզբնավորվեց Գուրգեն Յանիկյանի, Սիմոն Սիմոնյանի և Գևորգ Աճեմյանի ջանքերով:
- Թորոս Թորանյան
- Գևորգ Յազըճյան



Ամեն անգամ մեր հանրությանը հանիրավի մոռացված գործչի անուն ներկայացնելիս երախտագիտությամբ եմ լցվում մեր ազգի ու մարդու մեր տեսակի նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնք խոնարհաբար կրել են իրենց խաչը՝ յուրովսանն նպաստելով մեր ազգային ինքնության պահպանմանը: Հակոբ Սառիկյան ֆիդայու, մանկավարժի, դեսպանորդի, գրողի, թարգմանչի, հրապարակախոսի կյանքի ու գործունեության մանրամասնություններին ծանոթանալիս հաճելիորեն զարմացել էի, որ արևելահայոց մեջ «նրան ճանաչում ու հարգում էին բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչները»:
Բարեբախտաբար, ստալինյան բռնատիրության մամլիչը նրան նույնպես չի ճզմել…
- Ռուբեն Սիմոնյան
- Էդգար Հովհաննիսյան

