«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Սասնա ծռեր» էպոսը հայ ժողովրդի դարավոր իմաստության ամփոփումն է, ազգային բնավորության հիմքը կազմող հայրենասիրության, խիզախության, արդարամտության, ազնվության ու մեծահոգության գեղարվեստական թանձրացումը: Հաղորդումը նվիրված է էպոսի որոշ երգվող հատվածների դիտարկմանը:



Այն փաստը, որ հայ հոգևոր երաժշտությունը ձևավորվել է հայկական ժողովրդական երգարվեստի հիման վրա, առաջին անգամ հիմնավորել է Կոմիտասը, որը համեմատել է նշված երկու ճյուղերի կապը քրոջ և եղբոր հարազատության հետ: Կոմիտասյան այս դրույթը լրացուցիչ փաստարկներով վերահաստատել են հետագա սերունդների հայ երաժշտագետները: Այդուհանդերձ, ժողովրդական և հոգևոր երաժշտության փոխառնչության խնդիրը դեռևս ունի ուսումնասիրության կարոտ բազմաթիվ կողմեր: Այս թեմային վերաբերող առանձին հարցերին ենք անդրադառնում մեր հյուրի` երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանի հետ:



Հաղորդումը նվիրված է Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգ ու պարի խմբի գործունեությանը: Հաղորդման հյուրերն են խմբի ղեկավարներ Հայարփի Անանյանը և Լուսինե Մկրտչյանը:



Հաղորդումը նվիրված է հայ գրականության Ոսկեդարի հանճարներից մեկի` ականավոր պատմագիր, աստվածաբան, իմաստասեր և թարգմանիչ Մովսես Խորենացու երաժշտաբանաստեղծական ժառանգությանը:



Հաղորդումը նվիրուած է հայ հոգևոր երգարվեստի բարձրարվեստ կոթողներից մեկին՝ «Խորհուրդ խորին» զգեստավորման շարականին, որի հեղինակը XII-XIII դարերի նշանավոր գիտնական, բանաստեղծ-երաժիշտ, Հաղարծնի վանքի վանահայր Խաչատուր Տարոնացին է: Այս շարականը հեղինակի հարուստ ստեղծագործական ժառանգությունից իր մեղեդիական բաղադրիչով պահպանված և մեզ հասած միակ նմուշն է:



Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:



Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):



Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):


Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:



Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:



2016 թ. հուլիսի 28-31-ը Էստոնիայի Վիլյանդի քաղաքում համատեղ անցկացվեցին Եվրոռադիոյի ազգագրական 37-րդ փառատոնը և Վիլյանդիի ամենամյա ազգագրական երաժշտության 24-րդ փառատոնը: Փառատոնների շրջանակներում Հայաստանը ներկայացվեց «Նուբար» ավանդական երգի և պարի խմբի կողմից: «Նուբարի» ելույթը խանդավառ ընդունելության ու բարձր գնահատականի արժանացավ թե հանդիսատեսի, թե փառատոնի կազմակերպիչների կողմից: Հաղորդման ընթացքում քննարկում ենք այս իրադարձության մանրամասները «Նուբար» խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանի, խմբի անդամներ Սոնա Գրիգորյանի և Ալլա Մխեյանի, ինչպես նաև Հանրային ռադիոյի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Անի Մոսինյանի հետ:

