Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է չինական ժամանակակից գրականության հիմնադիր Լու Սինին (իսկական անունը՝ Չժոու Շու Ժեն): Նրա թե՛ փոքր արձակում և թե՛ հրապարակագրության մեջ, ինչպես նաև գրապատմական աշխատանքներում, հստակ երևում է չինական գրականության զարգացումը: Ծնվել է Շաոսին քաղաքում: Հայրը հողատեր էր և սեփական հողատարածքները տալիս էր վարձակալությամբ: Դա ընտանիքին ազատում էր կենսական շատ հոգսերից: Այսինքն՝ Չժոուների ընտանիքն ապահով և հարմարավետ կյանքով էր ապրում: Լու Սինը նախ Նանկինում ուսանեց ռազմածովային ակադեմիայում, ապա՝ Լեռնագնացության և լեռնաերկաթուղային ուսումնարանում: Այստեղ սովորեց մի շարք օտար լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ծանոթացավ բնական գիտություններին՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն՝ զարգացնելով մտավոր կարողությունները: Իհարկե, ստացած գիտելիքները բավարար չէին, և Լու Սինը սկսեց ինքնակրթվել…

